News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին տված հարցազրույցում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոսեց անխուսափելի մրցակցության մասին, որը սպասում է Հայաստանի տնտեսվարողներին ԵՏՄ-ի շուկայում, այն է՝ ռուսական եւ այլ խոշոր ընկերությունների հետ անհրաժեշտ կդառնա հավասար պայմաններում մրցակցել նաեւ սեփական երկրում: ՏՄՊՊՀ նախագահն օրինակ է բերում քաղաքացիական ավիացիայում մրցակցության վաղեմի դժվարությունները: Սակայն մյուս կողմից, հայաստանյան ընկերությունները եւս ստանում են հավասար մուտք ԵՏՄ այլ երկրներում, ներառյալ՝ պետգնումների մրցույթներում:

Պարոն Շաբոյան, նոյեմբերի 13-14-ին Վիտեբսկում՝ ԵՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների համաժողովում, Դուք բարձրացրել եք ԵՏՄ տարածքում պետգնումներին հավասար հիմունքներով մասնակցության հարցը: Արդյոք արդեն հստա՞կ են պայմանները եւ ի՞նչ երաշխիքներ կան, որ որակի ստանդարտները, որոնք մնալու են ազգային, չչարաշահվեն որպես մասնակցության խոչընդոտ:

Նախ տեղեկացնեմ, որ իսկապես, դուք ճիշտ եք, օրեր առաջ կայացած մեր վերջին հանդիպման ժամանակ բարձրացրել եմ ԵՏՄ տարածքում մեր տնտեսվարողների շահերի պաշտպանության խնդիրը, այդ համատեքստում նաեւ հավասար պայմաններով ԵՏՄ անդամ երկրներում տեղի ունեցող պետական գնումների գործընթացներին մասնակցության հարցը: Այն, որ պայմանները լինելու են հավասար բոլորի համար, երաշխավորված  է ԵՏՄ պայմանագրի 25-րդ  հավելվածով: Այս պահին արդեն իսկ հստակ են մասնակցության պայմանները, որոնք նույնն են ԵՏՄ անդամ բոլոր երկրների, այդ թվում նաեւ՝ Հայաստանի համար:  Կարծում եմ, որ սա շատ էական ձեռքբերում է, քանի որ նախկինում հիմնականում այս կամ այն երկրում առավելությունը տրվում էր տեղի արտադրողներին, հիմա արդեն հստակ է, որ  մեր արտադրողները ապրանքների սպառման նոր շուկա կունենան, ինչը խիստ էական առաջընթաց է: Ուզում եմ նաեւ հատուկ ընդգծել, որ այս համաձայնագրով պետական գնումների վերաբերյալ ինֆորմացիան կլինի հասանելի մեր տնտեսվարողների համար եւ նրանք նախապես կտեղեկացվեն, թե որ երկրում, ինչ ոլորտում եւ ինչ կարգի մրցույթ է անցկացվելու: Նախկինում նման գործելաոճ չկար: Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված որակի ստանդարտներին, ապա տեղեկացնեմ, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրները պարտավոր են ապահովել ընդունված ստանդարտները եւ այդ առումով մեր երկիրը եւս իրականացնում է  համապատասխան աշխատանքներ:

ԵՏՄ երկրներում ,մասնավորապես Ռուսաստանում, ընկերությունները, որպես կանոն, ավելի խոշոր են, քան ՀՀ-ում, եւ մասշտաբի էֆեկտի շնորհիվ կարող են մրցույթների ժամանակ ավելի ցածր գին առաջարկել: Ի՞նչ հնարավոր խնդիրներ կարող են առաջանալ ըստ Ձեզ:

Հարցը շատ հետաքրքրիր է. Հենց սկզբից նշեմ, որ մրցակցության էությունն էլ կայանում է դրանում, որ շուկայում առաջարկվի ավելի որակյալ ապրանք՝ առավել ցածր գնով: Վստահ եմ, որ մեր տնտեսվարողներն էլ են լավ գիտակցում, որ շուկան ավելի է ընդլայնվում, հետեւապես  մրցունակ լինելու  համար պետք է անընդհատ կատարելագործվեն՝ ընդլայնելով արտադրությունն ու բարձրացնելով որակը եւ հնարավորության ստանան պետգնումների գործընթացքում մրցակիցների հանդեպ ունենալու գնային առավելություն, որպեսզի մրցունակ լինեն ոչ միայն ԵՏՄ տարածքում, այլ ընդհանրապես:

Արդյոք ԵՏՄ-ի մեկ երկրում արտասահմանյան ընկերության բացառիկ ներկայացուցիչները կկարողանա՞ն նույն ապրանքը ներմուծել Միության այլ երկրներ՝ տեղի ներկայացուցիչների հետ զուգահեռ: Որքանո՞վ է դա համապատասխանում տնտեսական մրցակցության իրավական դաշտին:

Ուզում եմ տեղեկացնել, որ բացառիկ ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը  ընկերության եւ նրա ներկայացուցչի միջեւ երկկողմ պայմանավորվածության արդյունք է եւ դա որեւէ կապ չունի եւ չի առնչվում որեւէ տարածաշրջանային տնտեսական միության գործունեության հետ:  Այսինքն, լինի դա Եվրասիական տնտեսական միությունը, թե մեկ այլ տնտեսական կառույց, բացառիկության հարցերը չեն կարող այդ շրջանակներում կարգավորվել: Այլ խնդիր է, որ բանակցությունների արդյունքում կոնկրետ Հայաստանի համար կարգավորվել է զուգահեռ ներմուծման իրավունքի հարցը: Այսինքն, յուրաքանչյուր տնտեսվարող իրավունք ունի ներկրել ցանկացած ապրանք, եթե անգամ դրա արտադրողը ունի իր բացառիկ ներկայուցիչը տվյալ երկրում:

Արդյոք զուգահեռ ներմուծումը թույլատրվա՞ծ է նաեւ դեղերի ներմուծման ոլորտում: 2011 թ. մարտից գործում է մի ընթացակարգ, ըստ որի՝ երրորդ երկրներից դեղերը հնարավոր է վերաարտահանել Հայաստան: Նման կարգը պահպանվելո՞ւ է:

Ձեր հարցը ըստ էության ինչ-որ առումով բխում է նախորդից: ԵՏՄ անդամակցության շրջանակում քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստանի համար պահպանել զուգահեռ ներմուծման իրավունքը՝ բոլոր, այդ թվում նաեւ դեղորայքի ներմուծման ոլորտում: Այսինքն, ցանկացած ընկերություն, առանց որեւէ խոչընդոտի կարող է ներմուծել դեղորայք նույնիսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում գործում է արտադրողի պաշտոնական ներկայացուցիչը:  Սա էականորեն կանդրադառնա տվյալ ոլորտի մրցակցային իրավիճակի վրա՝ հանգեցնելով  մրցակցային գների ձեւավորմանը:

Նախորդիվ արդեն առիթ ունեցել եք խոսելու ԵՏՄ-ում տնտեսվարողների միասնական ռեեստրի մասին:  Մանրամասնեք խնդրեմ, ԵՏՄ-ի ներսում տնտեսական մրցակցության անդրսահմանային հարցերի լուծման կարգը:

Ինչպես գիտեք, ԵՏՄ տարածքում գործելու են մրցակցության միասնական կանոններ, որոնք վերաբերելու են անդրսահմանային շուկաներին, իսկ մնացած դեպքերում գործելու են ազգային օրենսդրությունները: Արդեն առիթ ունեցել եմ այս մասին նշելու, մեկ անգամ եւս կրկնեմ, որ եթե մեր տնտեսվարողը իրացնում է ապրանք ԵՏՄ անդամ որեւէ  երկրում եւ այնտեղ թույլ է տալիս մրցակցության կանոնների խախտում, ապա նրա վարքագիծը քննվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Իսկ եթե օրինախախտումը կատարվում է մեր երկրում, ապա այդ գործը արդեն կգտնվի մեր Հանձնաժողովի վարույթում: Այդ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու տեղեկատվական ընդհանուր դաշտ, որպեսզի օրինախախտ սուբյեկտների վերաբերյալ ինֆորմացիան հասանելի լինի բոլոր երկրների մրցակցային մարմինների համար: 

Զրուցեց՝ Արամ Գարեգինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ