Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 զոհված անդամների աճյունները այսօր՝նոյեմբերի 25-ին, զինվորական կարգով դուրս բերեցին Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց (ֆոտոռեպորտաժ):
Օդաչուներին վերջին հրաժեշտը տալու էին գնացել նրանց հարազատներ, ընկերները, ծառայակիցները, հրամանատարները եւ տարբեր տարիքի հարյուրավոր քաղաքացիներ:
Նշենք, որ սգո թափորը եկեղեցուց դուրս բերելիս առատ ձյուն էր տեղում:
Սգո թափորը այնուհետեւ ուղեւորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն որտեղ ժամը 14:00-ին տեղի կունենա սգո միտինգ, այնուհետեւ կրկին զինվորական կարգով հողին կհանձնվեն նրանց աճյունները:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am