News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր՝ նոյեմբերի 25-ին, մոտ 4 տասնյակ քաղաքացիներ Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով՝ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի 131 օրինակները պատգամավորներից յուրաքանչյուրին հանձնելու համար:

«Այսօր մենք ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց անուն ազգանուններն ենք գրել մեր պաստառներին, որոնք միայն 2014թ. 11-ն էին, եւ մոմավառություն եւ խնկարկություն ենք անելու: Բացի օրինագծի օրինակներից, ներկայացնելու ենք նաեւ 2000-ից ավելի ստորագրություններ այն մարդկանց կողմից, որոնք ստորագրել են օրենքն ընդունելու համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ համակարգող Սոնա Հովակիմյանը:

Երթին մասնակցող մի քանի տղաների կարծիքով՝ կանանց իրավունքների համար պայքարելը միայն կանանց խնդիրը չէ, այլ բոլորի, քանի որ ընտանիքում բացի կնոջից կան նաեւ ամուսին եւ երեխաներ:

«Ես կարծում եմ, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է միանա այս պայքարին, որովհետեւ խոսքն ընտանեկան բռնության կանխարգելման մասին է, իսկ ընտանիքում միայն կանայք չեն»,- ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Արման Ղարիբյանը՝ ավելացնելով, որ տղաների մոտ հիմնականում այն կարծրատիպն է, որ եթե կանանց իրավունքների համար պայքար է, ուրեմն պետք է միայն կանայք պայքարեն։

Նշենք, որ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակն» ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Բացի բուն 16-օրյակի քարոզարշավից, այն ներառում է ևս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավը:

Տպել
Ամենաշատ