News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երբ Մոնթեն դիրքերից իջնում էր, թշնամին հրճվում էր, երբ գալիս էր, թշնամին ձայնը կտրում էր: Այսպես է Հայաստանի ազգային հերոս, ուրարտագետ, Հայ դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանին (Ավո) հիշում նրա մարտական ընկեր, ազատամարտիկ  Հովսեփ Հակոբյանը, որն իր մարտական ընկերների հետ Մոնթեի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին, «Եռաբլուրում» էր:

«Հենց որ Մոնթեն դիրքերից գնում էր, տղերքը կապվում էին, ասում՝ 00-ն գնաց, թուրքերը հրճվում էին, հենց որ կապվում, ասում էին՝ 00-ն եկավ, թուրքերի ձենը չէր լսվում: Երբ Մոնթեն զոհվեց, Ադրբեջանը ազգային տոն հայտարարեց, իսկ մեզ մոտ ազգային սուգ էր»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մոնթեի մարտական ընկերը՝ նշելով, որ «00»-ն Մոնթեի կանչի ծածկագիրն էր:

Հովսեփ Հակոբյանը Մոնթեին նկարագրեց որպես չափազանց ազնիվ եւ ռազմական գործում փայլող անձնավորության. «Մոնթեի հետ ծանոթացել ենք Երեւանում, եւ հենց այդ ժամանակ էլ որոշեցինք ստեղծել ջոկատ: Մոնթեն ասաց՝ «տղաներ, մենք ովքե՞ր ենք՝ հայրենասերներ ենք, ուրեմն ջոկատը կոչենք հայրենասիրական, ամպագոռգոռ բառեր մեզ պետք չեն», այդպես էլ արեցինք: Այնքան ազնիվ էր, որ  իր ստեղծած ջոկատին կարող էր իրեն ենթարկեցնել զուտ հարգանքով, որը շատ հազվադեպ է լինում, կամ ընդհանրապես չի  լինում»:

Ազատամարտիկի խոսքով՝ Մոնթեն չափազանց նվիրված էր իր գործին, նա իր համար ոչինչ չէր անում, միայն նպատակի համար էր գործում:

«Ինքը կարող էր ամբողջ ջոկատն ապահովել նորմալ համազգեստով, իսկ ինքը կարկատած համազգեստով ման գար: Մոնթեն կարող էր իր հասանելիք ուտելիքը չուտեր, տար զինվորին: Իր համար կար միայն նպատակ եւ նպատակից այն կողմ ոչ մի բան»,-ասաց Հովսեփ Հակոբյանը:

Մոնթեի մարտական ընկեր, նախկին քաղբանտարկյալ  Մարտիրոս Ժամկոչյանը, որը 1981թ.-ին Շվեյցարիայում թուրք դիվանագետի է սպանել եւ 10 տարի ազատազրկվել դրա համար, Մոնթեին ճանաչում էր դեռ «ԱՍԱԼԱ»-ին (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) անդամագրվելու տարիներից:

«Մոնթեին ճանաչել եմ 1978թ.-ին, եւ կարելի է ասել,  որ Մոնթեի էությունը, ազգասիրությունը գրեթե մենք ենք հայտնագործել: 1980-ականների սկզբին միասին անդամագրվեցին Հայ ազատագրության գաղտնի բանակին, ես 1981թ. հունիսի 9-ին Շվեյցարիայում  թուրք դիվանագետի գետնեցի, 10 տարով ազատազրկվեցի, այնուհետեւ 1988թ. Մոնթեն ինձ նամակ գրեց, որ ազատ արձակվելուց հետո չվերադառնամ Բեյրութ, այլ մեկնեմ Հայաստան, ես այնտեղ եմ լինելու եւ քեզ սպասելու եմ» ,- պատմեց Ժամկոչյանը՝ նշելով, որ 1991թ. ազատ է արձակվել եւ անմիջապես վերադարձել է Հայաստան՝ Մոնթեի հետ մասնակցելով Արցախում ռազմական գործողությունների:

Մարտիրոս Ժամկոչյանը հիշում է, որ Մոնթեն իր գործի փայլուն գիտակ էր եւ գործի նվիրյալ:

«Ինքը հոյակապ հրամանատար էր, ինքը ապրում էր մարտական գործողություններով, թշնամին էլ լավ գիտեր, որ ինքը վճռական է, եւ խուսափում էին նրանից, գիտեին, որ վճռական էր, իրեն «իմպրտնի» կամանդիր էին ասում: Երբ թշնամին իրեն լսում էր,. զգաստանում էր, երբ մահվան լուրը լսեցին, թշնամի չէր հավատում, որ Մոնթեն զոհվել է, իսկ մեզ համար Մոնթեի մահը մեծ կորուստ էր, մենք ուշքի չէինք գալիս, բայց իհարկե դա պայքարին չէր խանգարում, տղաներն ավելի վճռական էին, նույնիսկ Մոնթեի որոշած սահմանից ավելի հեռուն էինք գնացել,  բայց իշխանությունները մեզ թույլ չտվեցին եւ հետ վերադարձանք»,-պատմեց Ժամկոչյանը:

Նրա խոսքով՝ Մոնթեն «էշ» բառը շատ էր սիրում, որ զայրանում էր, տղաներին էշ էր ասում, երբ նրանք նեղանում էին, ասում էր՝ էշը լավ կենդանի է:

Մատիրոս Ժամկոչյանի խոսքով՝ Մոնթեն շատ լավ էր հասկանում արցախյան գոյամարտի կարեւորությունը եւ դրա համար էլ նրա այն միտքը, որ եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը, դարձավ թեւավոր խոսք:

Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ եղեռնից փրկված և Կալիֆոռնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետում էր 8 լեզուների: 1992թ. Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն է եղել, զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:

Տպել
Ամենաշատ