News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նախորդ տարվա օգոստոսի 5-ին Կոմիտաս 5 հասցեից վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին բերման  ենթարկող ոստիկանը հարվածել է նրան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով դատական նիստին հայտարարեց Կիվիրյանի պաշտպան Լուսինե  Սահակյանը` դատարանին ներկայացնելով հարվածի վերաբերյալ տեսանյութ:

Պաշտպանը նշեց, որ տեսանյութում, որն իրենց է տրամադրել այն նկարահանած լրագրողը, երեւում է, թե ինչպես է Կիվիրյանին բերման ենթարկող, գործով տուժող ոստիկան Վահան Վրթանեսյանը գոռում եւ հարվածում Արգիշտի Կիվիրյանին, երբ նա ոստիկանական ավտոմեքենայի մեջ փորձում է ուղղվել նստած դիրքում: Պաշտպանը միջնորդեց տեսանյութը ճանաչել որպես ապացույց, ինչին առարկեց դատախազ Արթուր Երիցյանը: Մեղադրողը նշեց, որ աղբյուրը պաշտոնական չէ, պաշտպանական կողմը պարտավոր էր լրագրողի կողմից տրված գրություն ներկայացնել դատարանին:

Լուսինե Սահակյանը անտրամաբանական համարեց մեղադրողի առարկությունը եւ ներկայացրած պահանջը:

«Նույն տեսանյութը տեղադրված է նաեւ համացանցում: Բացի դրանից տեսագրության մեջ ակնհայտ երեւում է, որ այդ օրվա գործողություններն են: Մենք մեղադրողի եւ քննիչի փոխարեն աշխատելով ներկայացնում ենք ձեզ ապացույց, մեղադրողը փոխարենը ուրախ լինի, որ իր պարտականությունը մենք ենք անում, ասում է՝ չէ, մի ընդունեք այս ապացույցը: Այս տեսագրությունն էական նշանակություն ունի գործի համար, այստեղ երեւում է, թե ինչքան իրավաչափ կամ ոչ իրավաչափ է գործել ոստիկանը, այն ոստիկանը, որը, չգիտես ինչու, այս գործով ճանաչված է որպես տուժող: Մեղադրողի պարտականությունն էր հետազոտել այս ապացուցյը եւ հրաժարվել մեղադրանքից», -դատավորին դիմեց պաշտպանը: 

Մեղադրողը շարունակեց պնդել, որ, հնարավոր է՝ տեսագրությունն այլ օր է արված, այդ պատճառով անհրաժեշտ է, որ լրագրողի պաշտոնական գրություն լինի:

Դատախազի պնդումները վրդովեցրին Արգիշտի Կիվիրյանին. «Եթե ուսումնասիրության պահին տուժողը նայի սկավառակն ու ասի՝ դա այդ օրը չի եղել, այնտեղ պատկերված անձը ոչ թե ինքն է, այլ Ժան Կլոդ Վանդամը, այդ դեպքում Ձեր ասածը կարող էր տրամաբանական լինել: Բայց, այս դեպքում, երբ չկա հակառակը ապացուցող որեւէ փաստ, լրիվ անտրամաբանական է հնչում»:

Դատավորը որոշեց հետաձգել միջնորդության վերաբերյալ որեւէ որոշում կայացնելը, մյուս դատական նիստին դատարան հրավիրել տեսանկարահանումը կատարած լրագրողին:

Նշենք, որ նիստին կրկնակի հարցաքննվեց տուժող Վահան Վրթանեսյանը, նա ասաց, որ ոչ մեկի վրա չի գոռացել, ոչ մեկի չի հարվածել: Պաշտպանը նշեց, որ փորձաքննությամբ պարզվել է, որ Վահան Վրթանեսյանը սնկային հիվանդությամբ է տառապում, տուժողից հարցրեց՝ բուժվել է արդյոք այդ հիվանդությունից, ինչին նա զարմացած արձագանքեց. «Ես ոչ մի հիվանդություն չունեմ, առաջին անգամ ձեզնից եմ լսում»:

Արգիշտի Կիվիրյանը հրաժարվեց այդ պահին ցուցմունք տալուց, նշելով, որ ցուցմունք կտա, երբ իրենք կներկայացրած կլինեն իրենց միջնորդությունները:

Պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց կրկնակի փորձարարություն անցկացնել՝ պարզելու համար՝ արդյոք արժանահավատ է ոստիկան Արմեն Քոչինյանի այն ցուցմունքը, որ ինքը, նստած լինելով Կիվիրյանին բերման ենթարկող ոստիկանական ավտոմեքենայի ղեկին, տեսել է, թե ինչպես է Կիվիրյանը կծում ոստիկաններից մեկի ձեռքը: Պաշտպանը նշեց, որ անհնար էր, որ ղեկին նստած ոստիկանը նման իրավիճակում կարողանար հայելու միջոցով տեսնել հենց իր նստատեղի հետեւում կատարվածը:

Դատավորը բավարարեց կրկնակի փորձարարություն կատարելու մասին միջնորդությունը, հաջորդ նիստը՝ դեկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:

Տպել
Ամենաշատ