News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սան Պաուլոյում (Բրազիլիա), այսօր՝ նոյեմբերի 26-ին, կյանքի 77-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը՝ երիկամի փոխպատվաստումից հետո զարգացած երիկամային անբավարարությունից:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ 1980 թվականից սկսյալ լինելով Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը՝ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանն առողջական խնդիրների պատճառով առաջնորդական պաշտոնը թողել էր անցյալ տարի:

Բազմավաստակ Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հավատավոր զավակների համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Գերագույն հոգեւոր խորհուրդը եւ Հայ Եկեղեցու ողջ հոգեւորականաց դասը սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը:

Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանի կենսագրությունը

Ծնվել է 1937 թ. ապրիլի 15-ին: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի Վարդանանց վարժարանում՝ Հիսուսյան հայրերի մոտ:

1952 թ. ավարտել է ուսումը եւ շարունակել զբաղվել ինքնակրթությամբ: Այնուհետեւ կրթությունը շարունակել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում, որի ընծայարանն ավարտել է 1963 թվականին:

1963 թ. հուլիսի 21-ին ձեռամբ Երուսաղեմի երջանկահիշատակ Պատրիարք Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ համալրելով Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության շարքերը:

1963-66 թթ. վարել է Ժառանգավորաց վարժարանի եւ ընծայարանի փոխտեսչի պաշտոնը:

1966 թ. ստացել է մասնավոր վարդապետության աստիճան եւ Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Ազատյանի հրավերով մեկնել է Արգենտինա:

1966-80 թթ. ծառայել է Արգենտինայում որպես Կորդոբայի հայ համայնքի հոգեւոր հովիվ: Իր պաշտոնավարության ընթացքում ստեղծվել են գաղութի պաշտոնաթերթը, «Արեւագալ» պատանիների երգչախումբը եւ եկեղեցու նոր դպրաց դասը, նորոգվել եկեղեցին, կառուցվել «Սահակ-Մեսրոպ» վարժարանի նոր շենքը, որի հայերեն բաժնի տնօրինությունը վարել է մինչեւ իր պաշտոնավարության վերջը:

1975 թ. ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան ձեռամբ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Ազատյանի:

1980 թ. ընտրվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ:

1984 թ. հոկտեմբերի 14-ին ձեռամբ Երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս:

1993 թ. հունվարին նրան շնորհվել է Արքության պատիվ:

Իր առաջնորդության տարիներին Տաթեւ Սրբազանը կազմակերպում է թեմն իր վարչական կառույցներով, ամբողջությամբ նորոգվում է 1928 թ. հիմնված ազգային Դուրյան վարժարանը, կանոնավոր հրատարակվում է թեմի «Սիփան» պաշտոնաթերթը:

Սրբազան Հայրն իր մասնակցությունն է բերել է Սան Պաուլոյի միջեկեղեցական ժողովներին եւ տարբեր էկումենիկ համախմբումներին: Իր բազմամյա ծառայության ընթացքում արժանացել է բազում պարգեւների եւ շքանշանների: 2013թ. քահանայագործության հիսնամյա հոբելյանի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան:

Տպել
Ամենաշատ