News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությունը որոշակի աշխուժություն է հաղորդել քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներին, հատկապես եռյակի ներկայացուցիչներին:
Ուշագրավ է, որ Փաշինյանի նախաձեռնությունը, որին միացել է «Ժառանգության» Զարուհի Փոստանջյանը, չնայած ուղղված է պետության ղեկավարի դեմ, սակայն իրականում մարտահրավեր է եռյակի համար: Արձագանքների ու մեկնաբանությունների շարքում այս հանգամանքը կարծես որեւէ մեկն առանձնապես չի էլ վիճարկում: Ամեն ինչ պարզ ու տեսանելի է:
Ինքնին հասկանալի է, որ խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության պայմաններում, նախագահի իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելը, այսպես ասենք՝ դատապարտված է ձախողման: Մեկ կամ երկու պատգամավոր, բնականաբար, չեն կարող հասնել այդ նպատակին:
Իմպիչմենտի այս նախաձեռնությունը հուշում է, որ սա «քննական տեստ» է գերազանցապես ԲՀԿ-ի համար: «Բարգավաճի» ղեկավարն ու քաղաքական դեմքերը առանձնահատուկ վերաբերմունք ունեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա նախորդ հայտարարություններն ու բնորոշումները, որոնց մասին հազիվ թե մոռացած լինեն:
Եվ մի կողմից խնդիր ունեն ցույց տալու, որ հենց ԲՀԿ-ն է ընդդիմադիր ճամբարի «միտքը, խիղճն ու պատիվը», մյուս կողմից էլ թերեւս կկանգնեն բացատրություններ տալու անհրաժեշտության առաջ, թե ինչու չեն միանում իմպիչմենտի նախաձեռնությանը:
Ի դեպ, չենք կարծում, թե դա հատուկ մտածված է, սակայն լիովին արդարացի է, որ տեստավորման հնարքը գործածվում է նաեւ ՀԱԿ-ի դեմ: Ինչպես հայտնի է, տարիներ առաջ հենց ՀԱԿ-ի ներկայացուցիչներն էին սիրում նման հնարքների դիմել՝ հայտարարելով, թե ով չի երկրորդում իշխանությունների դեմ իրենց այս կամ այն պահանջը, ծախված է, գրպանային է, «ական» է եւ այսպես շարունակ: Եկավ նաեւ այն օրը, որ նույն «զենքն» ուղղվում է հենց այդօրինակ տեստավորում կիրառողների դեմ: Դրա մեջ որոշակի արդարություն կա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ