News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում այսօր մեղադրանք է առաջադրվել հաստատության նախկին տնօրեն Գայանե Մարգարյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Մարգարյանը, զբաղեցնելով «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ, 2007-2014 թվականների ընթացքում, կազմակերպության կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ հրամանագրել է ՊՈԱԿ-ում փաստացի աշխատանքներ չկատարող 28 աշխատակիցների:

Արդյունքում` պետական բյուջեից ՊՈԱԿ-ին փոխանցված գումարներից վերոհիշյալ անձանց անուններով ելքագրել ու յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 46.535.970 ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ամենամյա եւ ֆիզիոլոգիական արձակուրդայինների համար տրվող գումարները:

Բացի այդ, 2004-2014 թվականների ընթացքում Գ.Մարգարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանի եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանի օժանդակությամբ, հաշվարկել է ՊՈԱԿ-ում փաստացի չաշխատող 4 աշխատակցի, սակայն նրանց անվամբ ելքագրված գումարները տվել է ՊՈԱԿ-ում աշխատող նրանց հարազատներին եւ ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներին՝ որպես լրավճար` այդկերպ ՊՈԱԿ-ի միջոցներից վատնելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.747.358 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գայանե Մարգարյանին 2014 թվականի նոյեմբերի 27-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձանապես խոշոր չափերով վատնում կատարելու համար:

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Գ.Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ