News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արգենինայի արտաքին գործերի նախարարության «Սան Մարտին» պալատի ոսկեզօծ դահլիճում նոյեմբերի 26-ին հայ-արգենտինական միջպետական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանն ուղղված գործունեության համար Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆենրնանդես դե Կիրչների կողմից պարգեւատրվեց Արգենտինայի Մեծ խաչի աստիճանի մայիսյան շքանշանով:

Արարողությանը ներկա էին Արգենտինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էդուարդո Սուայինը, Արգենտինայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էդուարդո Սուայինը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակին՝ նա նշեց, որ փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա խարսխված հայ-արգենտինյան պատմական հարաբերությունները նոր բնույթ ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո, զարգացավ քաղաքական երկխոսությունը՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակի փոխայցելություններով: Բարձր գնահատելով հայ համայնքի դերն ու նշանակությունը Արգենտինայի, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում` նախարարի տեղակալն ընդգծեց, որ տասնամյակներ շարունակ ապրելով եւ արարելով Արգենտինայում՝ հայերը դարձել են երկրի հասարակության անբաժանելի մասնիկը եւ իրենց արժեքավոր ներդրումը բերել Արգենտինայի զարգացման գործում:

Դեսպան Մելիքյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրչներին՝ նման բարձր պարգեւի արժանացնելու համար։ Անդրադառնալով ս/թ. հուլիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Արգենտինա կատարած պաշտոնական այցին՝ դեսպանը բարձր գնահատեց երկկողմ միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Դեսպանը նշեց, որ Արգենտինան այն առաջին երկրներից էր, որ մեծ հոգատարությամբ եւ գրկաբաց ընդունեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր, դառնալով երկրի արժանավոր եւ օրինապաշտ քաղաքացիներ, այսօր նույնպես իրենց աշխատանքով, նվիրվածությամբ եւ ձեռքբերումներով բարձր են պահում թե՛ հայ եւ թե՛ արգենտինացի ժողովուրդների պատիվը համաշխարհային մակարդակում։

Արարողության ավարտին տեղի ունեցավ ընդունելություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ