News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավելի քան 120 նախկին մարմնավաճառներ, որոնք նախորդ դարի երկրորդ կեսին աշխատում էին Հարավային Կորեայում ամերիկյան ռազմաբազայի հարեւանությամբ, պատրաստվում են դատի տալ Կորեայի կառավարությանը։

Մարմնավաճառների խոսքով՝ իշխանություններն ակտիվորեն աջակցել են իրենց գործունեությանը, իսկ ծերանալուց հետո իրենց աղքատության մեջ են թողել։

BBC-ի հաղորդմամբ, ավելի քան 120 ծերացող եւ աղքատ նախկին մարմնավաճառներ իրենց երկրի կառավարությունից պահանջում են յուրաքանչյուրը 10 000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում։ Նրանց փաստարկն այն է, որ հարավկորեական կառավարությունը ժամանակին քաջալերել է իրենց՝ ամերիկյան զորքերին «երջանկացնելու» նպատակով։  

Մարմնավաճառներն ասում են, որ Հարավային Կորեայի կառավարությունը չի ստիպել իրենց մարմնավաճառությամբ զբաղվել, սակայն տեղյակ է եղել իրենց աշխատանքից ու ամեն կերպ նպաստել է դրան՝ պարբերաբար ուղարկելով պարտադիր բուժզննման, նաեւ անգլերենի եւ այսպես կոչված արեւմտյան էտիկետի դասընթացների։

Կանայք միաձայն պնդում են, որ աղքատությունից դրդված են դիմել մարմնավաճառության։ Շատերը այլ աշխատանքի հայտարարությունների դիմելով՝ հայտնվել են բարերում եւ հասարակաց տներում, ստիպված են եղել պարտք վերցնել տերերից եւ խրվել են այս համակարգի մեջ։

«1972թ. գնացի աշխատանքի տեղավորման գործակալություն, խորհրդատուն խնդրեց ինձ կանգնել եւ նստել։ Նայեց ինձ, հետո խոստացավ մի աշխատանք, որն ինձ համար ապրելու տեղ եւ սնունդ կապահովի, ուղղակի կաշխատեմ, իսկ սենյակի եւ ուտելիքի մասին կհոգա տնօրենս։ Մենք ամբողջ գիշեր աշխատում էինք»,-  նշել է մարմնավաճառներից մեկը։

Կանայք վստահեցնում են, որ այս ամենը տեղի է ունեցել իշխանությունների լուռ համաձայնությամբ, քանի որ երկիրն արտարժույթի կարիք ուներ։ Նույնիսկ քարոզչություն էր տարվում, որ նրանք, ովքեր աշխատում են ակումբներում, իսկական հայրենասերներ են եւ աշխատասեր կորեացիներ։

Կանանցից ոմանք, որոնք չեն ցանկացել կամովին աշխատել, սեռական ստրկության են ենթարկվել, բազմիցս վերավաճառվել։

«Սեքսը դաշնակիցների միջեւ» աշխատության հեղինակ Քեյթի Մունի խոսքով՝ 70-ականներին Հարավային Կորեայում վախենում էին, որ Վաշինգտոնը կարող է դուրս բերել իր ռազմաբազան, դրա համար կառավարության ներկայացուցիչները այցելում էին ճամբարներ ու կանանց համոզում սեռական ծառայություններ մատուցել ամերիկացի զինվորներին։

Ժամանակի ընթացքում մարմնավաճառության հանդեպ վերաբերմունքը Հարավային Կորեայում փոխվել է։ Հիմա, երբ երկրի տնտեսությունը համեմատաբար լավ վիճակում է, մարմնավաճառությունն այդ երկրում արգելված է։ Ժամանակին ռազմաբազաներում սեքս ծառայություն մատուցող հարավկորեացի կանանց եկել են փոխարինելու ֆիլիպինցի եւ ռուս մարմնավաճառները, գրում է հոդվածի հեղինակը։

Տպել
Ամենաշատ