News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզում երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, առանձին աշխատանքային հանդիպումներ է ունեցել որոշ արտասահմանյան գործընկեր ծառայությունների պատվիրակությունների, մասնավորապես` Հունաստանի դատական կատարողների միության եւ Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի պատվիրակությունների հետ, որոնց շրջանակում քննարկվել են փոխգործակցության խորացման եւ հետագա զարգացման հեռանկարները:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հունաստանի դատական կատարողների միության նախագահ Էֆթիմիոս Պրեկետեսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում միության նախագահը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին շնորհակալություն է հայտնել սույն թվականի հոկտեմբերին Ծաղկաձորում անցկացված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպման եւ հյուրընկալության համար:

Նա հատկապես կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանում կայացած համաժողովում քննարկված հարցերն իրենց արդիականությամբ եւ կարեւորությամբ էական նշանակություն են ունեցել իրենց համակարգում առկա նույնաբովանդակ խնդիրների վերլուծության եւ որոշակի եզրահանգումներ կատարելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ պետական եւ մասնավոր համակարգերում հարկադիր կատարման գործընթացի առանձնահատկությունները, երկու համակարգին բնորոշ մարտահրավերները:

Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնեւի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պարտապանի ակտիվների հայտնաբերման, արգելադրման եւ բռնագանձմանն առնչվող ներպետական օրենսդրական կարգավորումները, այդ գործընթացում ծագող առանձին խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր մեխանիզմները: Հանդիպման ավարտին Ալեքսանդրա Տրեսնեւը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին հրավիրել է հաջորդ տարի այցելել Սերբիայի դատական կատարողների ազգային պալատ՝ տեղում առավել մանրամասն ծանոթանալու համակարգի գործունեությանն ու դրա առանձնահատկություններին, ինչն ընդունվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

Տպել
Ամենաշատ