News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վերջին օրերին Երեւանի խանութներում ապրանքների գների նկատելի աճ է գրանցվում։

Ընդ որում՝ միանգամից թանկացել են առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր սննդամթերքները՝ շաքարավազը, սուրճը, թեյը, ձեթը, կարագը, յուղը, բրնձեղենը, մակարոնեղենը, ալյուրը: Գնաճից զերծ չեն մնացել նաեւ պահածոները, կոնֆետեղենը, նպարեղենը, գազավորված ըմպելիքները, հյութերը, խմիչքը: Թերեւս ավելի հեշտ է թվարկել այն սննդամթերքները, որոնք այս օրերին դեռ չեն թանկացել, քանի որ դրանք ավելի փոքրաթիվ են՝ երշիկեղենը, պանիրը, ձուն:

Թանկացած սննդամթերքի գինն ավելացել է 5-7 տոկոսով: Թեեւ որոշ ապրանքների դեպքում թանկացումներն ավելի զգալի են: Օրինակ, «Սարգիս Կարոլինա» ընկերությունը ալկոհոլային խմիչքները վաճառողին սկսել է տրամադրել ընդհուպ մինչեւ 600-700 դրամ թանկ գներով:
 Թվում է, թե գնաճը դրամի արժեզրկման բնականոն հետեւանք է: Բայց եթե այդպես է, պետք է թանկանային միայն այն ապրանքները, որոնք ներկրված են կամ պատրաստվում են հիմնականում ներկրված հումքով: Երեւանի մի քանի խանութներով շրջելով, մենք արձանագրեցինք՝ ներմուծված ապրանքների կողքին գրեթե նույնքան թանկացել է նաեւ հայրենական արտադրության կամ հիմնականում տեղական հումքով պատրաստվող սննդամթերքը:

Ի դեպ, խանութներից մեկում տեղեկացրին, որ առաջիկա երկու օրում իրենց թանկ գներով են մատակարարելու նաեւ միսը, հավը, որոնք նույնպես որեւէ առնչություն չունեն ներմուծված հումքի հետ:
Զարմանալի է, որ ներկրված ցորենի ալյուրով պատրաստվող հաց արտադրող ընկերությունները դեռեւս մտադրություն չունեն միանալու սպառողների վրա գնաճային հարձակում նախաձեռնած տնտեսավարողներին: Հաց արտադրող որեւէ ընկերություն, գոնե թե երեկվա դրությամբ, խանութի աշխատակիցներին հացի թանկացման մասին դեռ չէր զգուշացրել:

Մինչդեռ ալյուրի գինը շուկայում բարձրացել է: Այնպես որ հավանական է, որ հացի արտադրությամբ զբաղվող ընկերությունները մոտ ժամանակներս վերանայեն հացի գները:

Դրամի արժեզրկումից հետո սպասվող թանկացումների մասին վերջին օրերին շատ էին խոսում տնտեսագետները, սակայն, նրանց կանխատեսմամբ, թանկացումները պետք է աստիճանաբար լինեին եւ որոշակի ժամանակահատված հետո, քանի դեռ չեն սպառվել դոլարի նախկին արժեքով ներմուծված ապրանքների պահուստները: Բայց տնտեսագետները նաեւ զգուշացնում էին, որ մեր ընչաքաղց գործարարները, օգտվելով պետական անպատժելիությունից, դրամի արժեզրկումը անբարեխղճորեն կծառայեցնեն գերշահույթներ ապահովելուն եւ կամայականորեն կբարձրացնեն իրենց արտադրանքի գները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ