News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց լեզվի պահպանությունը կենաց եւ մահու պայքար է, քանի որ Սփյուռքում այն ամեն վայրկյան այրվում է, մոխրանում։ Հուլիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պոլսի «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը՝ խոսելով Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու վտանգների մասին։

Նկատելով, որ օտարամոլության եւ իրենց զավակներին այլալեզու դպրոցներ ուղարկելու հակում ունեն ոչ միայն հայաստանաբնակները, այլ նաեւ սփյուռքահայերը, Հատտեճյանը տեղեկացրեց, որ Ստամբուլում գործող հայկական կրթարաններում հայ աշակերտների թիվը գնալով ավելի ու ավելի է կրճատվում։ «Պատճառն այն է, որ հայ ծնողները, զոհ գնալով մոդային եւ օտարամոլությանը, գերադասում են իրենց որդիներին ուղարկել օտար վարժարաններ։ Այսպես հայերենն անտեսվում է եւ մոտենում իր վախճանին»,- զգուշացրեց նա՝ ավելացնելով, որ նույն սխալը չպետք է կրկնեն նաեւ հայաստանաբնակ հայերը։ Նրա համոզմամբ, Հայաստանում գործող բոլոր կրթօջախները պետք է հայեցի դաստիարակություն տան երեխաներին։ «Շատ ցավալի է, որ մեր հայրենքում օտարալեզու դպրոցներ բացելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Դա անթույլատրելի է, եւ ես նման քննարկումներն անգամ ավելորդ եմ համարում»,- կարծիք հայտնեց «Մարմարա»-ի խմբագրապետը՝  համոզմունք հայտնելով, որ մայրենի լեզուն մարդու անցագիրն է, նրա անձնագիրը։

Ասուլիսի մյուս բանախոս, բեյրութահայ հրապարակախոս-մշակութաբան Մովսես Հերգելյանն էլ իր հերթին ավելացրեց, որ ճիշտ են հայ մեծագույն գրող Խաչատուր Աբովյանի այն խոսքերը, թե նա, ով կորցնում է մայրենին, կորցնում է նաեւ իր ազգությունը։ «Եթե հայ մարդը չգիտի իր լեզուն  եւ հայրենիքը, նրանից էլ ի՞նչ հայ»,- ընդգծեց նա՝ համոզմունք հայտնելով, որ օտարալեզու դպրոցները ոչ թե մեր բարեկամներն են, այլ թշնամիները։ «Լիբանանում, օրինակ, օտարալեզու դպրոցների բացման հետեւանքը եղավ այն, որ հասարակության մեջ շերտավորումներ առաջ եկան։ Այսօր հարուստ արաբների զավակները, որ սովորում են այդպիսի կրթարաններում, անհասկանալի լեզվով են խոսում. մեկ նախադասությունն արաբերեն, մեկ նախադասությունն անգլերեն, մյուսն էլ ֆրանսերեն։ Արաբերենով խոսում են միայն հասարակության ստորին խավի մարդկանց երեխաները»,- տեղեկացրեց Հերգելյանը՝ չբացառելով, որ նույն պատկերը կարող է կրկնվել Հայաստանում։

Ամփոփելով՝ նա հույս հայտնեց, որ Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը օտարալեզու դպրոցների բացմանը դեմ լինելու  հարցում կաջակցի սփյուռքահայերին եւ հստակ կարտահայտի այս հարցի առնչությամբ ունեցած իր դիրքորոշումը։

Նշենք, որ Հայաստանում կառավարության որոշմամբ նախատեսվում է բացել ընդհանուր առմամբ 11 օտարալեզու դպրոցներ, որոնցից երկուսը կգործեն մասնավոր հիմունքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ