«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի լսել՝ ինչպես է իր խնամի, վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին լրագրողներին ասել, որ իր կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխության չի գնում։

«Ինքը տենց բան չի ասել, թյուրիմացության մեջ մի գցեք, Հովիկ Աբրահամյանն ասել ա՝ հա, ինքը իմ բարեկամն ա, բայց ես հո իրա տեղը պատասխան չե՞մ տալու»,- այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Գյումրիում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդը։

Նրա խոսքով՝ համաժողովրդական շարժումն իր բնականոն ընթացքի մեջ է, ոչինչ չի փոխվել։

«Երբ որ հարց լինի, ես ամեն ինչը կարճ կոնկրետ կասեմ։ Ամեն անգամ ես ասել եմ, որ Ծառուկյան Գագիկը ինչ-որ ասել ա, միշտ իր խոսքի տերն ա, եւ Ծառուկյան ազգանունը չի վաճառվում։ Դա հատուկ Աստծո կամոք տրված է ժողովրդին, դա սրբությամբ պահելու եմ անփոփոխ»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ Ծառուկյանի Գյումրի այցելության առաջին կանգառը երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ  էր, որտեղ նա ծաղկեպսակ դրեց իր անունից։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԲՀԿ առաջնորդին ուղեկցում են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը։ Հուշարձանի մոտ հավաքվել էին նաեւ Գյումրիի դպրոցների ԲՀԿ-ական տնօրենները։

Այս պահին Գագիկ Ծառուկյանը Գյումրիի Մանկավարժական ինստիտուտում է, որտեղ պետք է հանդիպի ուսանողների հետ եւ պարգեւատրումներ անի։