News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենների խորհուրդը որոշեց առանցքային դրույքաչափը բարձրացնել մինչեւ 17%-ի, ինչը հանգեցրեց Մոսկովյան բորսայում ռուբլու ռեկորդային անկման: Արտասահմանյան պարբերականները մտորում են ռուսական արժույթի անկման հնարավոր պատճառների եւ հետեւանքների մասին:

The Guardian

Ճնշման տակ գտնվող ռուսական արժույթը շարունակում է անկում ապրել: Կարճատեւ վերելքից հետո ռուբլին կրկին վերադարձավ ռեկորդային նվազագույն մակարդակի, հաշվարկային դրույքաչափերի բարձրացումից բառացիորեն մի քանի ժամ անց, որը պետք է կանխեր այդ անկումը: Ռուբլու անկումը շարունակում է ազդել Ռուսաստանի շարքային քաղաքացիների վրա: Շատերը ստիպված եղան հրաժարվել Ամանորը տոնելու ծրագրերից:

Վերլուծաբանների կարծիքով, լայնամասշտաբ ճգնաժամը քիչ հավանական է, սակայն նրանք նաեւ գրեթե անհնար են համարում դոլարի փոխարժեքի՝ տարեսկզբի մակարդակին վերադառնալուց:

Բանկերի գրասենյակների մոտ հերթեր չկային, Մոսկվայում դեկտեմբերի 16-ին խուճապի ակնհայտ նախանշաններ նույնպես չկային, քանի որ մարդիկ աստիճանաբար սովորեցին ռուբլու անկմանը: Բայց որոշ խանութներում հաճախորդների հոսք է նկատվել, որոնք ձգտում էին գնել դեռեւս արժույթի անկումից առաջ ներմուծված եւ հին գներով վաճառվող ապրանքներ: Որոշ դեպքերում գներն արդեն բարձրացել են, մինչդեռ որոշները հայտարարել են, որ ծրագրում են դա անել առաջիկայում:

The Independent

Մինչ նախագահ Վլադիմիր Պուտինն Արեւմուտքի շուրջ ռազմավարական շրջաններ էր գծում, հետաքրքիր բան տեղի ունեցավ: Ռուսական տնտեսությունը կործանվեց: Ռուսաստանի Կենտրոնական բանկն արտակարգ նիստի ընթացքում տոկոսային դրույքաչափերը բարձրացրեց՝ հասցնելով մինչեւ 17%-ի: Դա հուսահատ քայլ էր ռուսական արժույթը փրկելու ճանապարհին՝ ռուսական տնտեսությունը զոհաբերելու գնով: Եվ եթե անգամ դա «աշխատի», հետո ավելի վատ է լինելու:

Ռուսաստանում տիրող ճգնաժամը ծավալվում է զարգացող շուկաներին բնորոշ դասական սցենարով: Բանն այն է, որ քիչ է ասել, թե Ռուսաստանը ոչ այնքան տնտեսություն ունի, որքան մնացած ոլորտները սուբսիդավարող արտահանման նավթային բնագավառ: Էժանացող նավթը նշանակում է, որ ռուսական ընկերություններն ավելի ու ավելի քիչ դոլար ունեն, որը կարող են վերածել ռուբլու, այլ կերպ ասած՝ ռուբլու պահանջարկը նվազում է, եւ նրանց գինը՝ ընկնում: Իրավիճակին չի նպաստում նաեւ այն փաստը, որ Ուկրաինա ներխուժման արդյունքում սահմանված պատժամիջոցների պատճառով Ռուսաստանն արդեն քիչ դոլար ունի:

Մոսկվան ընկել է տնտեսական փակ շրջանի մեջ: Այս երկրի տնտեսությունն ավելի ցածր տոկոսային դրույքաչափերի կարիք ունի՝ աճը խթանելու համար, իսկ ռուսական ընկերություններին, հակառակը, ավելի բարձր դրույքաչափեր են անհրաժեշտ, որպեսզի ռուբլու փոխարժեքը վերելք ապրի, եւ դոլարը դադարի այդքան թանկ լինել: Այսինքն՝ ինչ էլ անես, Ռուսաստանի դրությանը չես նախանձի:

The New York Times

Ռուբլու անկումը, որը շարունակվեց նաեւ դեկտեմբերի 16-ին՝ չնայած ազգային արժույթի պաշտպանությանն ուղղված Կենտրոնական բանկի արտակարգ ջանքերին, խուճապի ալիք բարձրացրեց երկրի ֆինանսական շուկայում եւ ցույց տվեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինի առջեւ քաղաքական եւ տնտեսական խնդիրների նոր ընտրանի է կանգնում: Փողոցներում նորից կարելի էր տեսնել տեսարաններ, որոնք, ինչպես հույս ունեին ռուսաստանցիները, անցյալում են մնացել. տարադրամի փոխանակման կետերում փոփոխվող թվատախտակներ, իսկ ռուսաստանցիները նետվում են էլեկտրոնիկայի խանութներ՝ լվացքի մեքենաներ եւ հեռուստացույցներ գնելու, որպեսզի ազատվեն ռուբլուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ