News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին բուհերին պետպատվերի տեղերի հատկացման գործընթացում կատարվել են զգալի փոփոխություններ, մասնավորապես, պետությունը հստակ սահմանել է իր համար գերակա համարվող ուղղությունները, այն է` ՏՏ ոլորտը եւ ագրոկրթությունը, արվեստի գծով մասնագիտությունները, ինչպես նաեւ մարզային բուհերի զարգացումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով` վերոնշյալ գործընթացի արդյունքում կառավարությունը նվազեցրել է պետպատվերի տեղերը տնտեսագիտական, մանկավարժական, լեզվաբանական մասնագիտությունների գծով, այն իսպառ վերացվել է ԵՊՀ-ի իրավաբանական եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում:

Ուսանողների խնդրանքով նախարարը հանգամանալից անդրադարձել է Բոլոնիայի գործընթացին Հայաստանի անդամակցության հետեւանքներին` ընդգծելով, որ վերոնշյալ գործընթացի կառուցվածքային բարեփոխումներն ավարտվել են, իսկ բովանդակայինը կրում է շարունակական բնույթ: Մասնավորապես, Արմեն Աշոտյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել աշխատաշուկայում բակալավրի եւ մագիստրոսի պահանջարկի տարանջատման խնդրին:  Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ողջ աշխարհում բարձրագույն կրթության մասսայականացմանը եւ բուհերի` որպես ոչ միայն աշխատաշուկան համապատասխան մասնագետներով ապահովման, այլ որպես լուսավորչական օջախներ եւ հանրային արժեք ստեղծող կառույցների դերին: Մասնակիցները նաեւ հարցեր են ուղղել 12-ամյա կրթության, դպրոցներում սերնդափոխության անհրաժեշտության, ուսուցչական համակազմի մասնագիտական հմտությունների, ինչպես նաեւ երիտասարդ կադրերի աշխատանքի տեղավորման վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ