News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության շնորհիվ իրականացել է Լոռու մարզի Թումանյան համայնքի երեխաների երկար սպասված երազանքը. համայնքի դպրոցում բացվել է ստեղծագործարան, որից կօգտվեն ինչպես դպրոցի բոլոր աշակերտներն ու ուսուցիչները, այնպես էլ հարեւան գյուղերի պատանիները:

Ստեղծագործարանը կրթության արդի պահանջներին համապատասխանող դասասենյակ է` հագեցված էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով, ինչպես նաեւ հատուկ շարժական կահույքով: Այն աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ խմբային աշխատանք:

Ստեղծագործականությունը խթանող նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեության իրականացումը, տարբեր աշխատանքների համադրումը, այդ թվում՝ համակարգչի եւ տեխնոլոգիայի կիրառմամբ դաս, քննարկում եւ դասի մատուցում, ընթերցանություն եւ խաղ, ինտելեկտուալ գործունեության կազմակերպում։ COAF-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերը նպատակ ունեն նաեւ նպաստել գյուղական համայնքների հավասարաչափ զարգացմանն ու դպրոցները համալրել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներով:

Թումանյանի ստեղծագործարանը տեխնիկապես հագեցված հինգերորդ կրթասրահն է, որ շահագործման է հանձնվում COAF-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ: 2013-2014թթ. ընթացքում նույն ծրագրի շահառու են դարձել Արմավիրի մարզի Սարդարապատ, Վանանդ եւ Հացիկ, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի երեխաները:

Իր խոսքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. ¦ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում այն ամենը, ինչ վերաբերում է երեխաների կրթությանը եւ ապագային եւ աջակցություն է ցուցաբերում այդպիսի նախագծերի իրականացմանը: Մարզերում ապրող երեխաների համար հատկապես անհրաժեշտ է հասանելի դարձնել կրթական գործիքները, ինֆորմացիայի աղբյուրները, սատար կանգնել նրանց` պատշաճ կրթություն ստանալու գործում եւ հայրենիքում լիարժեք ապրելու եւ աշխատելու հնարավորություն ստեղծելու հարցում: Այս նախագիծը եւս մեկ քայլ է այդ նպատակներն իրականացնելու ճանապարհին§:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի գնահատմամբ`¦Հայաստանում ստեղծագործարանների հիմնադրման եւ տարածման գաղափարը COAF-ինն է` ուսման համար գրավիչ ու նպաստավոր պայմանների ապահովման եւ երիտասարդ սերնդին արդի կրթական հնարավորությունների ընձեռման նպատակով: Հիմնադրամի համապարփակ զարգացման ծրագրերի կրթական բաղադրիչի իրականացման փորձն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ այսպիսի ոգեշնչող նախաձեռնությունները մեծացնում են աշակերտների հետաքրքրությունը ուսման նկատմամբ եւ նպաստում առաջադիմության բարձր արդյունքների:

Թումանյան համայնքն ունի կրթված բնակչություն եւ մեծ տեղ է հատկացնում ուսմանը: Տեղի դպրոցում սովորում է 124 աշակերտ: Նորաբաց ստեղծագործարանը կնպաստի տարածաշրջանում կրթության եւ երիտասարդների հմտությունների զարգացմանը: Ավելին, հաշվի առնելով, որ Թումանյանը գտնվում է Երեւան-Թբիլիսի մայրուղու վրա, եւ նրա դիրքը ռազմավարական նշանակություն ունի, ստեղծագործարանը կծառայի ոչ միայն Թումանյանին, այլեւ Լոռու մարզի Թումանյանի ամբողջ տարածաշրջանի բնակչությանը:

Տպել
Ամենաշատ