News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին, ով Երեւան է ժամանել՝ մասնակցելու կազմակերպության երեւանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը: Այն տարածաշրջանում առաջին եւ միակ մասնաճյուղն է:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել այն առաքելությունը, որի շրջանակներում պարոն Ֆլոգաիտիսն այցելել է Հայաստան: Սերժ Սարգսյանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երեւանյան մասնաճյուղի բացումը կարեւոր իրադարձություն է համարել՝ ընդգծելով, որ այն նաեւ պարտավորեցնող է, քանի որ Հայաստանում մեծապես գիտակցում են այս ոլորտում առկա խնդիրների լուծման կարեւորությունը, դրանց պարբերաբար ուսումնասիրման եւ վերլուծությունների, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը:

Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է իր կարողությունների չափով աջակցելու Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությանն՝ իր բարդ եւ չափազանց կարեւոր առաքելության իրականացման գործում, նկատի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կազմակերպության նպատակները միանգամայն համահունչ են Հայաստանի որդեգրած քաղաքականությանը. մեր երկիրը եւս եվրոպական արժեքների տարածման ջատագովն է եւ անկախացումից ի վեր այդ ուղղությամբ եվրոպական գործընկերների հետ համագործակցելով, բավականաչափ առաջ է ընթացել, չնայած, նախագահի խոսքով, դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեծապես կարեւորվում է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է սկսած ճանապարհը՝ ակնկալելով գործընկերների, այդ թվում նաեւ՝ ՀԻԵԿ-ի աջակցությունը:

Սպիրիդոն Ֆլոգաիտիսը շնորհակալություն է հայտնել Երեւանում ՀԻԵԿ-ի մասնաճյուղ բացելու հնարավորություն ընձեռելու եւ համագործակցության պատրաստակամության համար, ուրախությամբ փաստելով, որ Հայաստանը դեռեւս 2011 թվականից անդամակցում է Կազմակերպությանը՝ ի թիվս մեկ տասնյակից ավելի երկրների: Պրոֆեսոր Ֆլոգաիտիսը նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ իրականացվող բարեփոխումների ճանապարհին, ինչպես նաեւ մասնագետների վերապատրաստման եւ մասնագիտական բոլոր այն հարցերում, ինչի կարիքը կունենա Հայաստանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ այս գործընկերությունը կարող է լավ օրինակ ծառայել տարածաշրջանի այլ երկրների եւ ժողովուրդների համար:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԻԵԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Մինասյանը: ՀԻԵԿ-ը հիմնադրվել է 2007թ. Հունաստանում։ Այսօր 14 երկրներ, 6 միջազգային կազմակերպություններ և հանրային մարմիններ, ինչպես նաև 64 համալսարաններ ու ինստիտուտներ ՀԻԵԿ-ի անդամ են։ Ունենալով իր գլխամասն Աթենքում՝ ՀԻԵԿ-ն ունի 14 գրասենյակ ամբողջ աշխարհում։ Մինչեւ այսօր ՀԻԵԿ-ը զարգացրել, կազմակերպել և աջակցել է շուրջ 200 կրթական, հետազոտական, վերապատրաստման, ինստիտուտների ստեղծման և այլ ծրագրեր ավելի քան 70 երկրներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ