News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանական համակարգը ազատվում է իր կեղծ վկաներից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, երբ դատավորը տեղեկացրեց, որ գործով վկա, ոստիկան Արմեն Քոչինյանը ազատվել է աշխատանքից եւ բնակության վայր ուղարկված ծանուցագրերին չի արձագանքում:

«Կոնկրետ այդ անձնավորությունը այս գործով կեղծ վկաներից էր, ում սուտ ցուցմունքով նախաքննական մարմինը սարքել ա այս գործը, եւ ակնհայտ է, որ համակարգն ազատվում է իր կեղծ վկաներից: Պետք է միջոցներ ձեռնարկել, ապահովել նրա ներկայությունը դատարանում»,- հայտարարեց Արգիշտի Կիվիրյանը:

Այսօր դատարանն ուսումնասիրեց պաշտպանական կողմի ներկայացրած՝ Արգիշտի Կիվիրյանին Կոմիտաս 5 հասցեից բերման ենթարկվելու տեսանյութը: Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ տեսանյութը ապացուցում է, որ տուժող Վահան Վրթանեսյանն ակնհայտ սուտ ցումուքն է տվել եւ նախաքննության ընթացքում, եւ դատարանում:

«Ցուցմունքի ժամանակ ես հարցրեցի՝ ինչպես է պահել, հարցրեցի՝ արդյոք գոռգոռացել է, թե ոչ, ընկերների հետ հարաբերության մեջ բորբոքվելու անհրաժեշտություն եղել է, թե չէ: Ինքը ասեց, որ ոչ, որ ինքը  հավասարակշռված է եղել: Տեսանք, թե ինչպես է  հավասարակշռված, ինչպես է գոռում  իր գործընկերների վրա: Ինչպես է հարվածում, երբ Արգիշտի Կիվիրյանը փորձում է նստել: «Հօպ արա հլը է» ասելով հարվածում է Արգիշտի Կիվիրյանին: Ակնհայտ երեւում է, որ նա դատարանում սուտ է ասել, եւ ուղղակի մնում է ձեր գնահատելուն. եթե նա սուտ է ասում այս ժամանակահատվածի համար, ուրեմն մնացած ժամանակի համար եւս ստում է»,- դատարանին դիմեց Լուսինե Սահակյանը:

Դատավորի հարցին, թե տուժողը ինչպես կբացատրի տեսանյութում երեւացող իր ձեռքի շարժումը. Վրթանեսյանը պատասխանեց, որ ինքը չի  խփել, փորձել է սահմանափակել Արգիշտի Կիվիրյանի անկանոն շարժումները մեքենայի մեջ:

«Իրա շարժումները շատ անկանոն են եղել, որպեսզի իրան վնաս չտա, մեզ վնաս չտա, ես ընդամենը սահմանափակել եմ շարժումները»,- նշեց տուժողը:

Տուժողը նաեւ ասաց, որ ինքն Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելիս հունից դուրս չի եկել, բարձր է խոսել, որպեսզի իր ձայնը լսելի լինի:

Մեղադրող Արթուր Երիցյանն էլ կարծիք հայտնեց, որ տեսանյութում հարվածի դրվագ չկա, իսկ պաշտպանական կողմը կամայական մեկնաբանություն է տալիս փաստերին:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հաջորդ տարի հունվարի 13-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:

Տպել
Ամենաշատ