News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի  Շնող գյուղի բնակիչները դեմ են արտահայտվում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին, հաղորդում է «ԷկոԼուրը»

Բնակիչները նամակով դիմել են Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալության (EKF) տնօրեն Անեթ Էբերհարդին, Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալության (EKF) հաղորդակցության ղեկավար Մոգենս Ագեր Թանգին, «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամի ներդրումների հարցով տնօրեն Կլաուս Ստամպին` պահանջելով չեղարկել ՎՏԲ բանկի հետ կնքված վարկային պայմանագիրը, ինչպես նաեւ չեղարկել Թեղուտ ՓԲԸ֊-ի հետ կնքված համաձայնագրերը:

Թեպետ նամակում նշված է, որ նամակը նաեւ Թեղուտ համայնքի բնակիչների անունից է, սակայն նամակի տակ ստորագրել է 57 շնողցի: նամակում ասված է.

«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման կապակցությամբ 2013թ. Դանիայում գործող «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամի, «FLSmidth» ընկերության, «EKF» պետական գործակալության եւ Հայաստանում գործող «Թեղուտ ՓԲԸ»֊ի միջեւ կնքված պայմանագրերով ֆինանսական աջակցություն է տրամադրվել մեր համայնքներում գործող պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար։

Ինչպես մասնավոր հիմնադրամի, այնպես էլ պետական գործակալության պաշտոնական հաղորդագրություններում եւ զեկույցներում նշվում է բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվության նորմեր կիրառելու եւ դրանք խստորեն պահպանելու մասին։ Ցանկանում ենք փաստել, որ ձեր զեկույցներում տեղ գտած որակումներն այն մասին, որ հանքավայրը շահագործող ընկերության գործունեությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին եւ որ հանքավայրի շահագործմամբ որեւէ օրենսդրություն չի խախտվում, իրականությանը չի համապատասխանում։

1. Հանքավայրի թույլտվությունները տրվել են Հայաստանի օրենսդրության կոպտագույն խախտումներով, հետեւապես՝ անօրինական են:

2. Մեր համայնքները լիարժեքորեն տեղեկացված չեն եղել հանքի շահագործման ծրագրի մանրամասներից եւ ազդեցությունից, պատշաճ կերպով չեն մասնակցել հանրային լսումներին եւ չեն մասնակցել որոշումների կայացման գործընթացին։ Սա նաեւ Օրհուսի կոնվենցիայի խախտում է, որը ճանաչված է ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական կոմիտեի ECE/MP.PP/2011/11/Add.1 IV/9b որոշմամբ։

3. Մեր համայնքները կրել են հսկայական գույքային վնասներ, այդ թվում՝ մասնավոր եւ համայնքային հողերի կորուստ, որոնց համար մինչ օրս պատշաճ փոխհատուցում չեն ստացել։ Մեր բողոքները հայաստանյան դատական ատյանները պատշաճ կերպով չեն քննել, ընդհանուրը լսվել է 109 ընտանիքի գործ, դրանցից շատերը բողոքարկվել են, 9 գործ այժմ քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։

4. Հայաստանի դատական իշխանությունները չեն ապահովել դատական մատչելիություն, որպեսզի հասարակական կազմակերպությունները դատական կարգով ապացուցեն հանքավայրի շահագործման թույլտվություններում տեղ գտած խախտումներն ու կեղծիքները։ Սա նույնպես միջազգային իրավունքի խախտում է, մասնավորապես՝ Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի, որը հաստատված է ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական կոմիտեի ECE/MP.PP/2014/2/Add.1 V/9a որոշմամբ։

5. Ձեր կողմից պատվիրված բնապահպանական գնահատումներում նշվում է, որ ընկերության 2005թ. ՇՄԱԳ-ն ունեցել է բազմաթիվ թերություններ։ Նաեւ նշվում է, որ ընկերությունը փոխել է շահագործման ծրագիրը, սակայն այդ փոփոխությունների համար չի ներկայացվել եւ պետության կողմից չի հաստատվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական (ՇՄԱԳ)։ Այդ գնահատականը պետք է նաեւ անցներ հանրային լսումներ, եւ մենք՝ համայնքների բնակիչներս, պետք է մասնակցեինք դրա հաստատմանը վերաբերող որոշումների կայացմանը։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ սոցիալական գնահատականը, որն ընկած է Բնապահպանական եւ սոցիալական ծրագիր կոչվող փաստաթղթի հիմքում, որեւէ օրինական հիմք չունի, այն մեր պետության կողմից չի հաստատվել։

6. «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ջրագծերի վնասման հետեւանքով Թեղուտ համայնքը երկար ժամանակ զրկվել էր խմելու ջրից, նույնիսկ նորոգելուց հետո համայնքում խմելու ջրի լուրջ պակաս կա, աղբյուրները ցամաքել են։ Շնող գետի պետական մոնիտորինգի վերջին տվյալների համաձայն՝ գետում ծանր մետաղների, մասնավորապես՝ մոլիբդենի քանակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը։ Թեղուտ համայնքն ընդհանուր առմամբ զրկվել է գյուղատնտեսությամբ զբաղվելու եւ անտառի բարիքներից օգտվելու հնարավորությունից։

7. Մինչ օրս համայնքներում չի անցկացվել բնակչության ընդհանուր առողջական վիճակի գնահատական։

8. Հանքավայրում արդեն 8 տարի ընթացող գործողությունները որեւէ անգամ պետական ստուգում չեն անցել։ Հայաստանի օմբուդսմենից սկսած մինչեւ պատգամավորներ, հասարակական կազմակերպություններ եւ անհատ քաղաքացիներ մի քանի տարի է՝ պահանջում են իրականացնել «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության տեսչություն։ Լիազոր բոլոր մարմինները հրաժարվում են այստեղ իրականցնել տեսչություն, չնայած նրան, որ ընկերության խոստումները եւ պարտավորություններն ի կատար չեն ածվում։ Սա խոսում է բարձրագույն մակարդակի հովանավորչության եւ կոռուպցիայի մասին։

Այս եւ բազմաթիվ այլ հանգամանքներ ցույց են տալիս, որ այն, ինչ գրված է ձեր փաստաթղթերում եւ պաշտոնական հաղորդագրություններում, ընդամենը իմիտացիա է եւ քողարկում է ձեր ընդունած որոշումների հակասությունը ձեր ներքին կանոնակարգերին, Դանիայի օրենսդրությանը, միջազգային կանոնակարգերին եւ Հայաստանի օրենսդրությանը։

Հաշվի առնելով վերոգրյալը` մենք՝ ստորագրյալներս, պահանջում ենք չեղարկել ՎՏԲ բանկի հետ կնքված վարկային պայմանագիրը, ինչպես նաեւ չեղարկել Թեղուտ ՓԲԸ-ի հետ կնքված համաձայնագրերը»:

Տպել
Ամենաշատ