Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած զինծառայող Անդրանիկ Արզումանյանը դեռեւս դուրս չի եկել կոմայից, եւ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը՝ հավելելով, որ բժիշկները շարունակում են պայքարել զինծառայողի կյանքի համար:
Նշենք, որ գանգուղեղային ծանր վնասվածք ստացած զինծառայողի մոտ մի քանի օր առաջ բժշիկները ձեռքի շարժում էին նկատել, ինչը սակայն, ըստ Միքայելյանի, առողջական դրական տեղաշարժի մասին չի խոսում. ձեռքի շարժումը ոչ գիտակցված է եղել՝ վեգետատիվ: Միքայել Միքայելյանը նշեց նաեւ, որ դեպքեր են եղել, երբ նման վնասվածքներ ստացածների կյանքը փրկել հաջողվել է, սակայն նրանց ուղեղը, որպես օրգան, փրկել չի հաջողվել: «Եղել են նաեւ դեպքեր, երբ մոտ 6-7 ամիս կոմայի մեջ է եղել մարդը, որից հետո վերականգնում է սկսվել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի տարածք էր ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել էր թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Տեղի էր ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել էր: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք` ադրբեջանցի դիվերսանտները հետ էին քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել էր չորս զոհ եւ չորս վիրավոր: