News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում, դեկտեմբերի 27-ին կկայանա «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի մեկնարկային հատուկ փակ ցուցադրություն ստեղծագործական կազմի եւ գործընկեր լրատվամիջոցների համար:

Ի տարբերություն ավանդական դարձած մամուլի ասուլիսների, այս անգամ հեղինակները լրագրողների հարցերին կպատասխանեն ցուցադրությունից հետո: Այդպիսով հնարավորություն ընձեռելով լրագրողներին առաջինը տեսնել հերոսներին հնչյունավորած դերասանների եւ հեղինակների հույզերը՝ իրենց տարիների աշխատանքի ամբողջական արդյունքը տեսնելուց հետո: 

Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով եւ եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ (3D): «Սահակյանց» ստուդիայի հմուտ մուլտիպլիկատորների եւ անիմացիայի գիտակների շնորհիվ այն լիովին նոր հարթություն է բարձրացնում հայկական մուլտարտադրությունը:

Մոտ 5 տարի է պահանջվել մեր մանկության ամենասիրելի պատմություններից մեկը անիմացիոն մուլտֆիլմի վերածելու համար:

Պրեմիերայից հետո «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը ներկայացվելու է մի շարք միջազգային փառատոններում: 2015 թվականի հունվարի 10-ին տեղի կունենա ամերիկյան պրեմիերան: Ֆիլմը  թարգմանվելու է մի քանի լեզուներով եւ էկրաններ կբարձրանա նաեւ այլ երկրներում:

Ինչպես ցանկացած հեքիաթի, «Անահիտ»-ի հիմքում եւս բարու եւ չարի հավերժական պայքարն է: Այս հեքիաթի չարագործները Վաչագանի հորեղբայր Ազարն ու նրա ծառա Էնվերն են: Գործող անձաց թվում են խենթ ու խոցելի գուշակ Պետրոսը, կախարդական աղբյուրից ծնունդ առած Անդոկ ձին, հավատարիմ Զանգի շունը: Նաեւ գլխավոր հերոսների ուսուցիչ ու ընկեր թմբլիկ Շուշանն ու բանիմաց Սերոբը: Ֆիլմի երկխոսությունները գրվել են բանաստեղծական ձեւաչափով:

Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը:

Ռեժիսորներ` Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց

Սցենարը` Նաիրա Սահակյանցի, Լյուլյա Սահակյանցի, Դավիթ Սահակյանցի

Երկխոսությունները` Վահրամ Սահակյանի, Լեւոն Գալստյանի

Բեմադրող նկարիչ` Էռնեստ Մուրադյան

Կոմպոզիտորներ` Արմեն Մարտիրոսյան, Վարդան Զադոյան

Պրոդյուսերներ` Կարեն Ղազարյան, Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց

Կրեատիվ պրոդյուսեր` Վահան Հովհաննիսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ