News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչախմբի վարած ապաշնորհ ներքին եւ արտաքին քաղաքականության պատճառով ստեղծվել են մենաշնորհային մեխանիզմներով գին ձեւավորող տնտեսվարող սուբյեկտներ: Այս մասին հայտարարություն է տարածել «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնող խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Դա, օրինակ, թույլ է տալիս վառելիք ներկրողներին եւ/կամ դրա մանրածախ առեւտրով զբաղվողներին ցանկացած պահի թելադրել իրենց գերշահույթ ապահովող գին: Դրանով եւ կառավարության թողտվությամբ է պայմանավորված, որ միջազգային շուկայում էներգակիրների փոքր իսկ բարձրացումը կամ ՀՀ դրամի թեկուզ աննշան արժեզրկումը բերում է Հայաստանում վառելիքի գների աճի: Մինչդեռ ներկա պահին, երբ վառելիքի գները միջազգային շուկայում կիսով չափ անկում են ապրել, հակառակը տեղի չի ունենում:

Գազի գնի վերջին անհիմն թանկացումը օրական 12-16 ժամ աշխատող երթուղայինների վարորդներին դրեց այնպիսի վիճակի մեջ, որ նրանք, չնայած չարքաշ աշխատանքին, չեն կարողանում իրենց տարրական սոցիալական կարիքները հոգալ: Թանկացման արդյունքում նրանք իրենց օրական վաստակած 5-6.000 դրամից շուրջ 4.000-ը ստիպված են վճարել թանկացած գազի դիմաց: Ստեղծված իրավիճակը նրանց դրդեց գործադուլի:

Պատկան մարմինները, հավատարիմ իրենց գործելաոճին, լծվեցին այդ բողոքի ալիքը որպես ուղեւորափոխադրումների սակագների բարձրացման հիմք ներկայացնելու գործին: Վարորդներն իրենց հերթին, անընդհատ նշում էին, որ դեմ են ցանկացած թանկացման՝ լինի սնունդ, տրանսպորտ, թե որեւէ այլ ծառայություն:

Պահանջում ենք վերջին թանկացումների պատճառով առաջացած խնդիրները չբարդել չունեւոր խավի վրա: Թանկացումների բեռը թող կրեն մենաշնորհային գներ թույլ տվող վարչախումբը եւ գերշահույթ ստացող օլիգարխները:

Երեւանի քաղաքապետարանում անցկացված քննարկումների արդյունքում վարորդներին խոստացել են մեկ ամսվա ընթացքում իջեցնել վառելիքի գինը:

Մենք էլ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը՝ վարորդների սոցիալական արդարության պահանջի խեղաթյուրումն ու գազի գների իջեցման փոխարեն ուղեւորափոխադրումների սակագների բարձրացումը թույլ չտալու համար:

Տպել
Ամենաշատ