News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) եւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջեւ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, համատեղ գործունեության պայմանագիր է կնքվել:

Պայմանագրի նպատակն է երկու համալսարանների հիմնական գործունեության փոխշահավետ զարգացման իրականացումը կրթության, գիտության եւ կրթական բարեփոխումների ոլորտներում։ Համաձայն պայմանագրի՝ բուհերը կիրականացնեն համատեղ գործունեություն՝ գիտության, տեխնիկայի, տեխնոլոգիաների եւ կրթության, փորձագիտական, հետազոտական, խորհրդատվական ու գիտաարտադրական բնագավառներում։

ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի եւ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը։ Հանդիպմանը ներկա էին երկու բուհերի պրոռեկտորները, պրոֆեսորներ եւ այլ պաշտոնատար անձինք։

Ողջունելով ներկաներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՃՀ ղեկավարությանը համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու համար եւ հայտնեց իր գոհունակությունը այն առիթով, որ բուհերի կոնսորցիում կոչվող ինստիտուտն այսօր ստանում է գործնական եւ գիտական ընթացք։ «Այսօր Հայաստանի առաջնային բուժօգնությունը եւ ընտանեկան բժշկությունը կարիք ունեն հեշտ կիրառվող, փոքրածավալ եւ տնտեսապես շահավետ սարքավորումների։ Բուժհաստատություններում կիրառվող սարքավորումները հարմար չեն նշված ոլորտներում կիրառելու համար։ Սույն պայմանագիրը կհստակեցնի մեր համագործակցությունը նման սարքավորումների ստեղծման, փորձարկման եւ շահագործման ոլորտում՝ միավորելով երկու բուհերի ներուժը՝ վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում ՀՀ առաջնային բուժօգնությունը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին եւ Հայաստանի ինժեներական միտքը կկիրառվի սեփական բժշկական կարիքները հոգալու համար»,- ասաց պրն Նարիմանյանը։

ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն իր խոսքում ասաց. «ՀՊՃՀ համագործակցության բազմաթիվ պայմանագրերի շարքում այս պայմանագիրը կարեւոր եւ մեծ իրադարձություն է։ Մեր համալսարանի գիտնականների կողմից ստեղծված բժշկական սարքավորումները չունեն իրենց նախատիպը, եւ այսօր գոյություն ունեցող եւ ապագա նախագծերը կարիք ունեն գնահատման ու փորձարկման։ Այս համագործակցությունը նախատեսում է հեռանկար ունեցող գործընթաց, որը նաեւ նոր համատեղ գիտական աշխատանքների սկիզբ կլինի»։

Ընդունելով  իրենց գիտամանկավարժական ներուժի միջոցով համատեղ ուսումնական ու գիտահետազոտական ծրագրերի եւ նախագծերի իրականացման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը՝ պայմանագիրը ստորագրող երկու կողմերը համատեղ գործունեությունը համարում են փոխշահավետ, որը կծառայի կրթության եւ գիտության զարգացմանը։

Տպել
Ամենաշատ