News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Արտարժույթի շուկայում դեպքերն անհավատալի արագությամբ են զարգանում։ Դրամն արժեւորվեց ավելի արագ, քան արժեզրկվում էր։ Առեւտրային բանկերը երեկ օրվա վերջին ԱՄՆ դոլարը գնում էին 430-440 դրամով, վաճառում՝ 450-460 դրամով։ Հիշեցնենք, որ ընդամենը երեք օր առաջ դոլարի առքի գինը հասել էր 550 դրամի, իսկ վաճառքի գինը որոշ փոխանակման կետերում գերազանցում էր 650 դրամը։ Իսկ այսօր բանը հասել է այնտեղ, որ ԿԲ-ի կողմից օրական կտրվածքով աճուրդի հանված 4 միլիոն դոլարը, արդեն երկու օր շարունակ, բանկերը չեն ցանկանում գնել։

Բոլոր դեպքերում, դրամի շեշտակի արժեզրկումը 1-2 օրում, իսկ հետո՝ նույնքան շեշտակի արժեւորումը, փաստում են մի բանի մասին՝ տեղի են ունեցել խոշոր սպեկուլյացիաներ։ Մասնավորապես, մեր տեղեկություններով, մի շարք պաշտոնատար անձինք (այդ թվում՝ պատգամավորներ) վերջին օրերին գնել են մեծ քանակությամբ արտարժույթ՝ հետագայում ավելի թանկ գնով փոխարկելու նպատակով։ Հենց դա էլ նպաստել է խուճապի ձեւավորմանը։

Ուշագրավն այն է, որ այս խոշոր սպեկուլյանտներն այսօր կանգնել են կոտրած տաշտակի առաջ։ Իրենց մոտ հավաքված մեծ քանակությամբ արտարժույթը, որ գնել էին թանկ գնով, աչքի առաջ արժեզրկվում է։ Ու, որ ամենաուշագրավն է, այս մարդիկ այսօր ավելի մեծ խուճապի մեջ են՝ չգիտեն՝ դրամի՞ վերածել իրենց արտարժույթը, թե՞ առայժմ պահել։
Մի կողմից՝ տեսնում են, որ դրամն արժեւորվում է, իրենց մոտ եղած արտարժույթը՝ արժեքը կորցնում։ Մյուս կողմից՝ հասկանում են, եթե սկսեն դոլարները վաճառել, դոլարի գինն ավելի կընկնի։ Այս ամենի մեջ մի դրական բան կա. ոմանք միգուցե հասկանան, որ սպեկուլյացիաների մեջ մտնելով, «շուստրիություն» անելով՝ հնարավոր է նաեւ լուրջ վնասներ կրել։ Ի դեպ, չի բացառվում, որ այդ մարդիկ սկսեն ակտիվ լուրեր շրջանառել, որ դոլարը նորից կտրուկ թանկանալու է։ Հույսով, որ քաղաքացիները նորից խուճապահար կվազեն դոլար գնելու, եւ արտարժույթի գինը կբարձրանա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ