News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել:

«Դեկտեմբերի 15-ին Երեւանի  քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանը խոստացավ, որ մինչեւ դեկտեմբերի 25-ը կավարտվեն  Կենտրոնի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:

Դեկտեմբերի 19-ին ժամը 17.30-ին գնացի տեղում համոզվելու աշխատանքների ընթացքի ավարտի մասին, սակայն ոչ մի աշխատող  չկար, դարպասը փակ էր կողպեքով: Դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10.00-ին կրկին մանկապարտեզում էի, վերջապես հաջողվեց տեղում տեսնել որոշ բանվորների  եւ պահակին: Երբ այս ամենի մասին խոսեցի  Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ եւ պայմանավորվեցինք հանդիպել դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10-ին, զարմանալիորեն բազմամարդ էր մանկապարտեզի տարածքը, «Պառեքս-Գազ»  ՍՊԸ-ից ներկա էր Արթուրը, մանկապարտեզի նոր տնօրենը, իհարկե վարչական շրջանի ղեկավարն իր շքախմբով:

Նշեմ, որ  տարիներ չգործող մանկապարտեզը ս.թ. հոկտեմբերի 17-ից ունի նոր տնօրեն` Էդիտա Բեգլարյան, շատ երիտասարդ, ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, սակայն չունի մանկավարժական ստաժ: Չգործող մանկապարտեզի տնօրենի փոփոխությունն ինչով է պայմանավորված, կարելի է միայն ենթադրել: Նա պարտավոր էր  սրտացավորեն հետեւել հիմնանորոգման ընթացքին, կանգնել բանվորների գլխին եւ   վերահսկել աշխատանքների որակին, այնինչ ականատես եղա, թե ինչպես մանկապարտեզի երկու դաշնամուրներն անտեր, մերկորեն կանգնած էին փոշու ու ցեխի մեջ: Այսօրվա այցելության ժամանակ դաշնամուրներից մեկն էր առկա եւ արդեն փաթաթված էր, շինարարությունն էլ կարծես թափ էր առել, սակայն դեկտեմբերի 25-ին խոստացված ավարտը վտանգված է, նամանավանդ ձեռքիս տակ է շինարարական աշխատանքների ամբողջ ծավալի վերաբերյալ պայմանագիրը, որի համապատասխանությունն իրականացված աշխատանքներին կերեւա վերջում: Իմ խորին համոզմամբ պարոն Սադոյանն էլ կամ ընդհանրապես չէր եղել տեղում կամ շատ վաղուց էր եղել:

Ես գիտեի, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանն ընդհանրապես  իր տեղում չէ, բայց որ  քաղաքապետին հրապարակավ կտա մի խոստում , որն ակնհայտորեն դեկտեմբերի 25-ին չի իրականանալու, չէի պատկերացնում: Ինչ վերաբերվում է «Պառեքս-Գազ»  ՍՊԸ-ին, որը շահել է մանկապարտեզի հիմնանորոգման մրցույթը,  խախտելով բոլոր ժամկետները, ակնհայտորեն անորակ գործ են անում, տեղյակ չեն մանկապարտեզների ներքին հարդարման պայմաններին ներկայացվող սանիտարական նորմերին,  բանվորներին ժամանակին չեն ապահովում  շինանյութերով եւ ինչպես խոստացավ Երեւանի քաղաքապետը, պետք է հայտնվեն ֆինանսների նախարարության սեւ ցուցակում: Խղճի  նշույլ չունեն այդ մարդիկ, ովքեր  նաեւ «Հով-Գրիգ Շին» ՍՊԸ-ի տերերն են ու նույն վիճակում է թիվ 106 մանկապարտեզի վերանորոգման ընթացքը»:

Տպել
Ամենաշատ