News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանցիների համար Ամանորն ամենասիրված տոնն է, բայց եւ ամենածախսատարը: Գնումների եւ պատրաստությունների ծավալը շշմեցնող է: Տոնի ֆենոմենի բացատրություններից մեկն այն է, որ դա ժամանակավոր փախուստ է դեպի ուտոպիա: Այսինքն՝ փախուստ առօրյայից:

Դե իսկ ուտոպիայից դուրս գալուց եւ նույն գորշ առօրյա մտնելուց հետո շատերի մոտ պայծառացում է լինում՝ «պե՞տք էր արդյոք այդքան ծախս անել»: Այդ ժամանակ շատերը երդվում են բոլոր սրբություններով, որ այլեւս նման բան չի կրկնվի: Սակայն տարին անցնում է եւ... ամեն ինչ նորից է սկսվում:

Մի քանի տարի առաջ հին, բարի Եվրոպայից ժամանած զբոսաշրջիկին հարցրին՝ ինչպես է պատրաստվում Նոր տարուն: Հյուրը հարցը չհասկացավ եւ սկսեց ոգեւորված պատմել Սուրբ ծննդի, ավանդական հնդկահավի, հրավառությունների, քաղաքի փողոցներում տոնական համերգների մասին: Գումարած այն, որ այդ օրերին ընդունված է նվերներ գնել հարազատներին եւ ընկերներին: Ընդ որում՝ դրանց մեծ մասն ուղարկվում է փոստով:

Իսկ հարցին՝ կոնկրետ Նոր տարուն ինչ մթերքներ են գնում, հարցով պատասխանեց՝ «իսկ դուք ի՞նչ եք գնում»: Սպառիչ պատասխան ստանալով ամանորյա տեսականու մասին՝ զարմացած եվրոպացին ասաց. «Մենք այդ տեսականին մեզ կարող ենք ամեն օր թույլ տալ»: Սրանով թեման փակվեց:

Հին ժամանակներում աստվածներին կենդանիներ էին զոհաբերում, երբեմն՝ մեծ քանակությամբ: Առաջին հայացքից՝ դեֆիցիտ մթերքի ակնհայտ վատնում: Սակայն ամեն ինչ շատ պարզ էր: Մսի անբավարարության պայմաններում տոները միակ հնարավորությունն էին այդ մթերքի հավաքական կիրառության համար:  Իսկ աստվածներն զոհաբերում էին կենդանիների ոչ ուտելի հատվածները:

Ի՞նչ է փոխվել այսօր: Այս հարցի պատասխանը գտնում ենք... սպառողական նվազագույն զամբյուղի օրական միջին նորմային ծանոթանալով: Մսամթերքի տեսանկյունից այդ նորման կազմում է չնչին  48գ, ձկնամթերքի պարագայում՝ օրական 3 գ: Նշենք, սա միջին ցուցանիշ է:

Կարելի է տոնական ծախսերի երեք դրդապատճառ բերել, որոնցով ղեկավարվում են մեր հանրության երեք խավերը համապատասխանաբար: Առաջին խավի համար կենսականորեն կարեւոր է էլիտար հյուրերին զարմացնել հազվագյուտ նրբախորտիկներով հարուստ ճոխ սեղանով: Երկրորդ խավի համար «շարքային» հյուրերի առաջ սեւերես չմնալն ու սեղանը խոզի բդով զարդարելն է:

Իսկ երրորդ խավն ամենաանհույսն է. հույս ունի գոնե տոներին համտեսել այն մթերքները, որոնք սովորական օրերին չի կարողանում իրեն թույլ տալ: Պարզ է, որ նախատոնական օրերի անխնա գնաճը առաջին հերթին հարվածում է նման ընտանիքների բյուջեին: Բարձրաստիճան պաշտոնյաները, օլիմպիական հանգստությամբ նայելով վերջին օրերին գների սկանդալային աճին, քաղաքացիներին «խորհուրդ են տալիս»  չգնել թանկացած ապրանքները:  «Քաղաքացի» ասելով բնականաբար հայրենական «նաբոբներին» նկատի չունեն...

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ