News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Զովասար գյուղի միջնակարգ դպրոցի կուտակային կենսաթոշակի պատճառով  հեռացված ուսուցիչ Տիգրան Սարգսյանը շահել է տնօրենի՝ Ալբերտ Սարգսյանի դեմ դատական հայցը եւ վերականգնվել աշխատանքի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը։

«Դատարանը բավարարել է իմ դեմ ներկայացված դատական հայցը, եւ դատավճիռը մեկ ամսից կմտնի օրինական ուժի մեջ, դրանից հետո տնօրենը ինձ պետք է վերականգնի եւ փոխհատուցի պարապուրդի գումարը»,-ասաց Տիգրան Սարգսյանը։

Մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի նախկին ուսուցչի խոսքով՝  ինքը ցանկանում է  շարունակել աշխատանքը Զովասար գյուղի դպրոցում, սակայն կարծում է, որ չի ստացվի. «Մինչեւ օրս շատ մեծ ցանկություն ունեմ աշխատել այդ դպրոցում, այդ երեխաների եւ կոլեկտիվի հետ, սակայն վստահ եմ, որ նույն տնօրենի հետ դա չի ստացվի, եթե տնօրենը իր կարծիքը չփոխի»։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Տիգրան Սարգսյանին աշխատանքից հեռացրել են այս տարվա մայիսի 8-ին՝ պատճառաբանելով, որ երկու անգամ անհարգելի բացակայել է եւ կեղծ գրանցումներ կատարել դասամատյանում՝ թաքցնելով իր բացակայություններն, այնինչ նախկին ուսուցիչը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատել են  պարտադիր կուտակային կենսաթոշակից հրաժարվելու դիմում գրելու պատճառով: 31-ամյա ուսուցիչը Երեւանից է, շաբաթը մեկ անգամ գնում էր գյուղ՝ դասավանդելու, եւ իր խոսքով՝ աշխատավարձը հազիվ բավականացնում էր ճանապարհածախսին:

Նշենք,  որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, այն որ Զովասարի դպրոցի տնօրենը առանց պատշաճ զգուշացման է ուսուցչին ազատել աշխատանքից ՝ դրանով իսկ խախտելով աշխատանքային օրենսգիրքը։

Դատարանը պարտավորեցրել է տնօրենին հայցվոր Տիգրան Սարգսյանին վերականգնել նախկին աշխատանքում` նույն պայմաններով և նրա հետ` 2014թ. հունվարի 20-ին կնքված աշխատանքային պայմանագիրը ճանաչել անորոշ ժամկետով կնքված, նաեւ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով։

Տպել
Ամենաշատ