Սեւանա լճի ջրի մակարդակի իջեցումը ժամանակավոր բնույթ է կրում: Այս մասին դեկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ըստ նրա՝ 2013թ. վերջի համեմատ ջրի մակարդակը նվազել է 4 սմ-ով եւ այժմ 1900 մ 13 սմ է կազմում: Բայց, ըստ մասնագետների, նվազման միտումը շուտով կդադարի, եւ բարձրացումը կշարունակվի: Նախարարը նաեւ հիշեցրել է, որ բարձրացումն արդեն իսկ զգալի գերազանցում է գրաֆիկը: 2001թ.-ից ի վեր ջրի մակարդակը բարձրացել է 3,7 մետրով՝ պլանային 2,81 մետրի փոխարեն:
«Վերջերս ես հանդիպել եմ մեր իրանցի գործընկերների հետ եւ տեսել՝ ինչ բարդությունների են նրանք բախվել: Այդ պատճառով մենք հնարավորինս պետք է շարունակենք խնայել ջուրը, դա պետք է մեր գերնպատակը դառնա», - հավելել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, 2014թ. Սեւանից ջրառը սկսվել էր ապրիլի 24-ին եւ ավարտվել հոկտեմբերի 1-ին: Դրա ծավալը կազմել էր 269,6 մլն խմ, ինչը 99,7 մլն խմ-ով ավելի է 2013-ից՝ ոռոգման տարեշրջանին չորային եղանակի հետ կապված: