News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահի անունից այսօր՝ դեկտեմբերի 22-ին, նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց, 2015 թվականին մաղթել հաջողություններ տնտեսական գործունեության մեջ եւ անձնական կյանքում, ընդգծելով, որ գործարարների ձեռքբերումներն ու հաջողությունները, հասկանալիորեն, լինելու են ոչ միայն նրանց անձնական կամ կորպորատիվ հաջողությունները, այլեւ՝ մեր երկրի եւ տնտեսության: Հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների բարեկեցության աստիճանը, ըստ նախագահի, պայմանավորված է լինելու նաեւ գործարար համայնքի գործունեությամբ ու ձեռքբերումներով:

Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է դժվարություններով լի 2014 թվականին, նշելով, որ օբյեկտիվ պատճառներ ունեցող այդ դժվարությունների եւ անորոշությունների մի մասն ամենայն հավանականությամբ կարող է շարունակվել նաեւ գալիք տարում՝ մեզնից անկախ պատճառներով, սակայն ինչ կախված է Հայաստանի իշխանություններից եւ գործարարներից, նախագահի համոզմամբ, պետք է անել համատեղ, եռանդով եւ որքան հնարավոր է՝ անթերի:

«Աշխարհի յուրաքանչյուր պետությունում, յուրաքանչյուր տնտեսությունում, նույնիսկ ամենահզոր տնտեսություններում, ինչպիսիք Միացյալ Նահանգների տնտեսությունն է, Եվրամիության միասնական տնտեսությունն է, միշտ էլ հնարավոր են բարդություններ, դժվարություններ: Մեր երկրների պես երկրներում այդ բարդություններն ու դժվարություններն առավել եւս ավելի հաճախ կարող են լինել: Այստեղ չափազանց կարեւոր է, որ այդ դժվարությունների, բարդությունների պահերին մենք անմիջապես չսկսենք մեղավորներ փնտրել, անմիջապես չսկսենք պատասխանատուներ ման գալ, եւ եթե իրավիճակը մի քիչ կայունանում է, անմիջապես չփորձենք դափնիները մեր ուսերին քաշել: Այսպիսի իրավիճակներում ամենակարեւորն այն է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը խուճապի չմատնվի եւ կատարի իր պարտականությունները: Այդ ժամանակ այդպիսի դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ են հաղթահարվում»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն անդրադաձել է նաեւ անցնող տարվա տնտեսական իրողություններին. «Այնուամենայնիվ պետք է հատուկ շեշտեմ, որ իմ տպավորությամբ, Հայաստանի բիզնես հանրությունը 2014 թվականին վատ չի աշխատել եւ հիմնական մասով հաղթահարել է առկա դժվարությունները: Նկատի ունենալով այն համատեքստը, որտեղ աշխատել եք դուք՝ հարգելի՛ գործարարներ, նկատի ունենալով տնտեսական իրավիճակն աշխարհում, այդ թվում՝ Եվրո-պայում, Ռուսաստանում եւ մեր տարածաշրջանում, տարին պետք է համարել արդյունավետ»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Ինտեգրացիոն նոր գործընթացների համատեքստում Հանրապետության Նախագահը խոսել է նաեւ Հայաստանի տնտեսության հեռանկարի մասին. «Նոր տարին իր հետ բերում է նոր հնարավորություններ, որոնք կապված են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իրողության հետ: Բայց նաեւ գիտենք, որ նոր հնարավորությունները նաեւ նոր մարտահրավերներ են: Չեմ կասկածում, որ մեր ձեռներեցները մրցունակ են, իրենց լուրջ ասելիքն ունեն եւ այդ ասելիքն ասելու են նաեւ նոր տնտեսական միության ներսում: Դուք կարող եք դա ասել ձեր գործերով, արդյունավետ աշխատանքով եւ նոր գաղափարներով», - ասել է Հանրապետության Նախագահը՝ ընդգծելով, թե հավատում է, որ մյուս տարի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ նման տոնական սեղանների շուրջ հավաքի ժամանակ նախանշված ծրագրերի մի զգալի մասն արդեն իրականություն է լինելու. «Ցանկանում եմ, որպեսզի այդ իրականացված երազանքները բարօրություն բերեն մեր ժողովրդին ու պետությանը»,-շնորհավորական խոսքի ավարտին ասել է ՀՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ