News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԼՂՀ ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեկտեմբերի 21-ին մահացած, Երեւանում բնակվող 19-ամյա Դավիթ Քոլոյանը ծնողների միակ արու զավակն էր: Հարեւանները, որ Դավիթին հիշում են որպես խելացի, համեստ տղայի, NEWS.am-ին պատմեցին, որ նա մեկ կրտսեր քույր ունի:

«Շատ համերաշխ, շատ լավ, սիրով ընտանիք են, բոլորի կողմից հարգված: Իր մասին էլ խոսք չկա, որ ասեմ, թե ինչ ձեւի լավ, մարդամոտ, խելոք, արտակարգ երեխա էր: Երկու բերան խոսում էիր հետը, ուղղակի հաճույք էիր ստանում: Ամոթխած տղա էր: Ավելորդ բառ երբեք չէր խոսի: Իրենից ոչ մի վատ, սխալ բան չենք տեսել: Մահվան լուրն էլ շատ ծանր ենք տարել: Ընտանիքի վիճակն ահավոր է: Մայրը գիտակցությունն անընդհատ կորցնում էր: Գիշերը 20 րոպեն մեկ «Շտապօգնություն» էինք կանչում: Իրենց հետ էլ ամբողջ շենքը չի քնել»,- ասաց հարեւաններից Յուրի Գասպարյանը:

Հիշեցնենք, որ  NEWS.am-ի տեղեկություններով՝ զինծառայողը մահացել է նռնակի պայթյունից: Յուրի Գասպարյանը, որը նաեւ պահեստային սպա է, զարմանալի եւ անհասկանալի է համարում նռնակի պայթյունը:

«Գրանտանի պայթյունը չեմ պատկերացնում: Թե ոնց ա եղել, չեմ պատկերացնում: Հետազոտությունը կպարզի, դե ինչ իմանաս: Գիտակցում եմ, որ դա հնարավոր չի՝ ինքն իրեն պայթի»,- ասաց պարոն Յուրին:

Հարեւանը պատմեց նաեւ, որ դեպքի նախորդ օրն էր Դավիթը խոսել հոր հետ, տրամադրությունը լավ էր եղել:

«Հորն ասել ա՝ մեծ ախպեր, ամեն ինչ լավ ա, ես ստեղ շատ լավ եմ ինձ զգում: Նոր տարվա համար ընկերներիս էլ բան կուղարկես: 11 հոգի ենք, ամենքին առանձին-առանձին կդնես: Ասել ա՝ ոչ մի պրոբլեմ չկա, ստեղի ղեկավարությունից էլ գոհ եմ ես: Եթե մի պրոբլեմ լիներ, էդքան ուրախ չէր խոսի»,-ասաց հարեւանը:

Հիշեցնենք, որ Դավիթը գարնանը պետք է զորացրվեր:

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 21-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում արձանագրվել է մահվան ելքով դեպք, որի հետեւանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ