News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Մոսկվայում կայանալու է Եվրասիական միության գագաթնաժողովը, որն ըստ էության վերջին գագաթնաժողովն է միության, այսպես ասած, մեկնարկից առաջ, որը նախատեսված է 2015 թվականի հունվարի 1-ից: Սակայն ԵՏՄ-ի մեկնարկը առավել քան մշուշոտ է, եւ մեծ է հավանականությունը, որ մեկնարկի հետ կազմակերպությունը ոչ թե սկսի գործել, այլ ավելի շատ սկսեն գործել կազմակերպության անդամների միջեւ եղած խնդիրները:

Մասնավորաբար խոսքը վերաբերում է Մինսկի եւ Աստանայի հարաբերություններին Մոսկվայի հետ: Դեկտեմբերի 23-ին ընդառաջ՝ Մինսկն ու Աստանան հանդես եկան շատ ուշագրավ քայլերով: Լուկաշենկոն եւ Նազարբաեւը առանձին-առանձին այցելեցին Կիեւ եւ հանդիպումներ ունեցան Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպումների արդյունքում Պորոշենկոն հայտարարել է, որ Կիեւը կօգնի Մինսկին Եվրամիության հետ հարաբերություններում, իսկ Ղազախստանի մասով հայտարարվել է, որ Կիեւն ու Աստանան սկսում են ռազմատեխնիկական համագործակցությունը, նաեւ համագործակցությունը տիեզերական ուղղություններով:

Այս հայտարարությունները շատ հետաքրքրական են այն իրողության ֆոնին, որ, օրինակ, ԵՏՄ-ն սահմանափակում է անդամների հարաբերությունները երրորդ երկրների հետ, եւ այստեղ հարց է առաջ գալիս, թե ինչպես են համագործակցելու Կիեւն ու Աստանան:
Այս իրավիճակում ակնհայտ է, որ Եվրասիական միությունը՝ որպես միասնական օրգանիզմ, գոնե առայժմ հեռանկարներ չունի, սակայն այստեղ, իհարկե, մեզ համար առավել կարեւոր է, թե ինչ հեռանկարներ ունի Հայաստանն ընդհանրապես: Որովհետեւ Մինսկ-Աստանա-Մոսկվա փոխհարաբերությունների պարզաբանումը Հայաստանի համար նպաստավոր է, եթե Երեւանը կարող է, ի վիճակի է օգտվել այդ իրողությունից: Այսինքն՝ ինչքանով է Հայաստանն ունակ ինքնուրույն քաղաքականություն վարել եւ օգուտ քաղել ԵՏՄ անդամների ներքին հակասություններից, եւ ոչ թե դառնալ գործիք նրանց ձեռքին: Այստեղ, սակայն, լավատեսության հիմքերը շատ քիչ են, համենայնդեպս՝ մինչեւ այսօր:

Մյուս կողմից նաեւ՝ այս ամենին զուգահեռ հետաքրքրական է որոշակի ակտիվությունը Հայաստան-Եվրամիություն ուղղության վրա, որտեղ հնչել են մի քանի հետաքրքրական հայտարարություններ Եվրոպայհից՝ հետագա համագործակցության մասով: Հայաստանի համար, իհարկե, կարեւոր է այս ուղղությունը, եւ ըստ էության մի կողմից՝ պետք է օգտվել ներեվրասիական տարաձայնությունների ստեղծած հնարավորություններից, մյուս կողմից՝ իհարկե, չփորձել խաղալ այդ տարաձայնությունների վրա եւ ներքաշվել, այսպես ասած, ներեվրասիական «ռազբորկաների» դաշտ, քանի որ Հայաստանի համար կարեւորը մեկ ուղղությամբ շանսը օգտագործելն է՝ Եվրամիության հետ հարաբերությունների:

Գլխավոր խնդիրը այստեղ ապահովագրական մեխանիզմների ձեւավորումն է, որովհետեւ Եվրասիական ուղղությամբ տնտեսական կոլապսը անխուսափելի է, եւ չնայած ֆինանսատնտեսական իրավիճակը Ռուսաստանում եւ Հայաստանում կայունացել է, այնուամենայնիվ՝ խնդիրները եռալու են, եւ նոր ժայթքումները անխուսափելի են: Սրան պետք է պատրաստվել, եւ հեղհեղուկ իրավիճակը ստեղծում է նպաստավոր պայմաններ: Եվ այստեղ արդեն չի կարող գոյություն ունենալ որեւէ «արդարացում»: Այստեղ արդեն ողջ պատասխանատվությունը Հայաստանի պատասխանատուների վրա է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ