News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արարատի քաղաքապետարանում քաոս է,պատճառն այն է, որ ավագանին «յոլա չի գնում» քաղաքապետի հետ: Բանն այն է, որ համայնքի 2015թ բյուջեն պետք է հաստատվեր մինչեւ նոյեմբերի վերջին աշխատանքային օրը, սակայն մինչ օրս այն չի հաստատվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Քաղաքի ավագանին տապալում է բյուջեի հաստատումը՝ կամ նիստերի չի եւ դրանք չեն կայանում, կամ էլ դեմ է քվեարկում: Խնդիրը հասել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, նա ստիպված է եղել անձամբ միջամտել: NEWS.am-ի տեղեկություններով՝ մարզպետը օրերս հանդիպել է ավագանու անդամների հետ, որպեսզի պարզի, թե ինչի են բոյկոտում բյուջեն: Ավագանու անդամներն էլ մարզպետին հայտնել են, թե խնդիրը քաղաքապետ Հայկ Հայկյանի հետ է, վերջինիս հետ հնարավոր չէ աշխատել, նա չի տիրապետում իր աշխատանքին, հաշվի չի առնում ավագանու անդամներին, չի համագործակցում, չի շփվում իրենց հետ եւ այլն:

Արդյունքում Արարատի ավագանին պահանջել է, որպեսզի բյուջեն բացվածքով ներկայացնեն, այսինքն՝ թե որ հոդվածը ինչի համար է: Ավագանու անդամները հայտնել են նաեւ, որ քաղաքապետը, թեեւ լրանում է 4-րդ եռամսյակը, դեռ իրենց 3-րդ եռամսյակի հաշվետվությունն էլ չի ներկայացրել:NEWS.am-ի աղբյուրները հայտնել էին նաեւ, թե քաղաքապետը ցանկացել է իրեն մեքենա գնել բյուջեի միջոցներով, բայց ավագանին թույլ չի տվել:

Փորձեցինք մեզ հասած տեղեկությունները ճշտել քաղաքապետ Հայկ Հայկյանից: Քաղաքապետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ավագանու հետ որեւէ խնդիր չունի, աշխատանքային մթնոլորտ է: Թե ինչու է բյուջեի հաստատումը այսքան ձգվել, Հայկ Հայկյանի խոսքով, պատճառն այն է, որ մի քանի անգամ նիստ չի եղել, այժմ քննարկումներ են ընթանում: Նա հաստատեց NEWS.am-ի տեղեկությունը, որ օրերս մարզպետը բյուջեի հաստատման խնդրով հանդիպել է ավագանու անդամների հետ: «Եթե քաղաքում գործեր արված են, բոլոր կառույցները նորմալ գործում են, ի՞նչ է նշանակում չի տիրապետում իր գործին, դրանք անիմաստ, ավելորդ խոսակցություններ են, կողքից խոսակցություններ են, որոնք տարածում են, մենք ավագանու հետ աշխատում ենք, փորձում ենք բոլոր խնդիրներին լուծում տալ, դե հիմա բյուջե է, քննարկումներ են, բնականաբար մի մասը դեմ է լինում, մի մասը՝  կողմ, քննարկման մեջ է, վստահ եմ, մինչեւ տարվերջ կընդունենք»,-ասաց քաղաքապետը: Նա հաստատեց նաեւ մեր այն տեղեկությունը, որ դեռ 3-րդ եռամսյակի հաշվետվությունը չի ներկայացրել ավագանուն՝ հավելելով, որ «չենք ներկայացրել, կներկայացնենք»: Ինչ վերաբերում է բյուջեի միջոցներով իրեն մեքենա գնելուն, Հայկ Հայկյանն ասաց, որ  ներկայիս մեքենան շատ հին է, անընդհատ վերանորոգման կարիք կա եւ իսկապես անհրաժեշտություն կա փոխելու այն, եթե ավագանին համաձայնի, ձեռք կբերեն նոր մեքենա, եթե չէ, գումարները կտեղափոխենք այլ ծախսերի վրա, որեւէ խնդիր չկա:

Տպել
Ամենաշատ