News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կենտրոնական բանկը ներկայացրել է վերջին ժամանակներս տեղի ունեցող տնտեսական երեւույթների, ՀՀ դրամի արժեզրկման եւ ֆինանսական կայունության հետ կապված ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկված միջոցառումների եւ քայլերի ժամանակագրությունը:

2014թ. օգոստոսից սկսած ՀՀ կենտրոնական բանկի կողմից սկսվեցին իրականացվել ավելի խիստ սցենարներով սթրես-թեստեր՝ գնահատելու ներքին եւ արտաքին գործոնների ոչ բարենպաստ զարգացման հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա: Առավել խիստ սթրես-թեստերով սկսվեցին գնահատվել ապրանքային (ներառյալ նավթի) եւ արժութային շուկաների ազդեցությունը Հայաստանի տնտեսության ֆինանսական համակարգի վրա:

2014թ. նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում արժութային շուկայում սկսվեցին նկատվել արժեզրկման ճնշումներ: Կենտրոնական բանկը այդ ընթացքում սկսեց միջամտել (կատարելով ինտերվենցիաներ) արժութային շուկային՝ կտրուկ տատանումները հարթելու նպատակով:

Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգընթաց ակնհայտ դարձավ, որ փոխարժեքի ճշգրտումը պայմանավորված է տնտեսական հիմնարարներով եւ անհրաժեշտ է տնտեսությանը նոր հավասարակշռության հասնելու համար:

2014թ. նոյեմբերի 24-ին ՀՀ դրամի արժեզրկման տեմպերը արագացան:

Նոյեմբերի վերջերին Կենտրոնական բանկն անցավ առեւտրային բանկերի հետ սերտ աշխատանքի խստացված ռեժիմի. կտրուկ մեծացվեց նաեւ Կենտրոնական բանկում առեւտրային բանկերի հետ հանդիպումների եւ խորհրդակցությունների հաճախականությունը: Կենտրոնական բանկի կողմից ավելի ակտիվացվեցին առեւտրային բանկերի նկատմամբ հսկողությունը, ընթացիկ մոնիթորինգը եւ վերահսկողական գործառույթները:

Կենտրոնական բանկում ստեղծվեց ձեւավորված իրավիճակի վերլուծության եւ գնահատման հատուկ աշխատանքային խումբ:

Նույն օրը՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն ՀՀ-ում գործող առեւտրային բանկերի ղեկավարների հետ: Քննարկվեցին արժութային շուկայում տիրող իրավիճակը, պոտենցիալ զարգացումները եւ մակրո  ու միկրոմակարդակներում ձեւավորվող հնարավոր ռիսկերը:

Նոյեմբերի 24-ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել կարճաժամկետ դրամային իրացվելիության գործիքի (լոմբարդային ռեպո) տոկոսադրույքը՝ 8.25%-ից հասցնելով 10.25%-ի: Այն առեւտրային բանկերում թանկացրեց կարճաժամկետ դրամային իրացվելիությունը՝ նպատակ ունենալով զսպել ճնշումները արժութային շուկայում:

Նույն օրը Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց տեղի ունեցած արժեզրկման պատճառների, ազդեցության եւ հետեւանքների վերաբերյալ:

Նշված ժամանակահատվածում Կենտրոնական բանկը շարունակում էր որոշակի ծավալով արտարժույթ վաճառել՝ նպաստելով շուկայում իրական գնի բացահայտմանը: Արդյունքում, 2014թ. նոյեմբերի վերջին փոխարժեքը Հայաստանում կայունացավ 435 դրամ մակարդակի շուրջ:

2014թ. նոյեմբերի 28-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահը հանդիպեց ՌԴ կենտրոնական բանկի նախագահին՝ քննարկելու միջազգային եւ տարածաշրջանային զարգացումները, վերջիններիս ազդեցությունը մեր տնտեսությունների վրա:

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի արժութային շուկայի անկայունության կտրուկ խորացումը Հայաստանի արժութային շուկայում առաջացրեց դրամի արժեզրկման նոր սպասումներ եւ նոր ճնշումներ:

Նպատակ ունենալով ՀՀ բնակչությանը զերծ պահել տարբեր ֆինանսական ռիսկերից եւ սպեկուլյատիվ կորուստներից՝ ՀՀ կենտրոնական բանկը 2014թ. դեկտեմբերի 2-ին հանդես եկավ նոր հայտարարությամբ՝ կոչ անելով ձեռնպահ մնալ անհարկի փոխարկումներից:

Դեկտեմբերի սկզբից սկսած Կենտրոնական բանկը ընթացիկ գործունեության եւ տնտեսությանը սպասարկելու նպատակով առեւտրային բանկերին ազատորեն տրամադրում էր անսահմանափակ քանակությամբ կանխիկ արտարժույթ՝ ըստ պահանջի:

Միեւնույն ժամանակ, ֆինանսական շուկայի մասնակիցների մոտ նման ճնշումները զսպելու նպատակով՝ դեկտեմբերի 2-ին Կենտրոնական բանկը բարձրացրեց կարճաժամկետ դրամային իրացվելիության տոկոսադրուքը՝ սահմանելով այն 21%՝ շարունակելով միջամտել արժութային շուկային:

2014թ. դեկտեմբերի սկզբից սկսած Կենտրոնական բանկը առեւտրային բանկերին ԱՄՆ դոլարի պահանջարկը բավարարելու նպատակով առաջարկեց երկարաժամկետ (3-6 ամիս ժամկետով) արժութային սվոփ:

Զուգահեռաբար քննարկվում էր նոր գործիքների ներդրման հնարավորությունը: Մշակվեց սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառքի նոր մեխանիզմը: Վերջինս շուկայի մասնակիցներին հնարավություն կտար գնահատել փոխարժեքի հավասարակշիռ մակարդակը նոր տնտեսական իրավիճակում:

2014թ. դեկտեմբերի 8-ին Կենտրոնական բանկում տեղի ունեցան նոր խորհրդակցություններ առեւտրային բանկերի ղեկավարների եւ աշխատակիցների հետ: Ներկայացվեցին նոր գործիքի էությունը, նպատակները եւ իրականացման մեխանիզմները:

Դեկտեմբերի 9-ին Կենտրոնական բանկի նախագահի մամլո ասուլիսում ներկայացվեցին ֆինանսական շուկայի վերջին զարգացումները, դրանց պատճառները եւ ԿԲ կողմից ձեռնարկված միջոցառումները: Հասարակությանը եւս մեկ անգամ հրապարակավ կոչ արվեց զերծ մնալ սպեկուլյատիվ վարքագծից՝ նշելով վերջինիս հետ կապված ռիսկերը:

Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ շուկայի մասնակիցների մոտ բավական մեծ էին արժեզրկման չհիմնավորված սպասումները՝ պայմանավորված Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներով: Դրանք բերեցին դրամի կտրուկ արժեզրկում: ԿԲ գնահատականներով՝ նման իրավիճակը բավական մեծ ռիսկեր էր պարունակում Հայաստանում գների եւ ֆինանսական կայունության համար:

2014թ. դեկտեմբերի 12-ին Հայաստանում հրավիրվեց «Ապադոլարայնացման քաղաքականությունը եւ մարտահրավերները» թեմայով համաժողով: Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաեւ ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումները, դրանց ազդեցությունները տարածաշրջանի երկրների վրա: Վերջինիս մասնակցում էին ՀՀ կենտրոնական բանկի, Վրաստանի ազգային բանկի, Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ տարածաշրջանային ներկայացուցիչները, ներառյալ հեղինակավոր փորձագետներ արտերկրից: Տարածաշրջանային զարգացումները եւ քաղաքականության արձագանքները քննարկելու նպատակով հրավիրվել էին նաեւ Վրաստանի ազգային բանկի նախագահը եւ նախագահի տեղակալը:

2014թ. դեկտեմբերի 17-ին Կենտրոնական բանկը գնաց ավելի կոշտ քայլերի՝ կրկնակի բարձրացնելով արտարժույթով ներգրավված միջոցների նկատմամբ պարտադիր պահուստավորման նորմատիվի պահանջը 12%-ից 24%-ի:

Կենտրոնական բանկը սկսեց առեւտրային բանկերին տրամադրել իրացվելիություն կարճաժամկետ արժութային սվոփ գործիքների միջոցով՝ փողի ընդհանուր պահանջարկը բավարարելու նպատակով:

Նույն օրը՝ 2014թ. դեկտեմբերի 17-ին, Կենտրոնական բանկի նախագահի երկրորդ մամլո ասուլիսում ներկայացվեցին դրամի գերարժեւզրկված լինելու վերաբերյալ ԿԲ գնահատականները, հիմնական պատճառները եւ ձեւավորված ռիսկերը: Ներկայացվեցին նաեւ Կենտրոնական բանկի կողմից իրականացված միջոցառումները:

Նույն օրը եւ հետագա օրերին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամները բազմաթիվ հարցազրույցներ տվեցին առաջատար լրատվամիջոցներին՝ հանրության համար մանրամասնելով ԿԲ նախագահի ուղերձներն ու Կենտրոնական բանկի դիրքորոշումները:

Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերը ներկայացված միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 18-ից սկսած, նկատվեցին արժութային շուկայի կայունացման միտումներ:

ԱՄՀ գործադիր խորհուրդը դեկտեմբերի 19-ին կայացած հերթական նիստում հավանության արժանացրեց Հայաստանի հետ ԱՄՀ Երկարաժամկետ ֆինանսավորման ծրագրի վերանայումը՝ հնարավորություն տալով Հայաստանին ստանալ ԱՄՀ վարկի հերթական մասնաբաժինը:

2014թ. դեկտեմբերի 23-ին, ՀՀ ԿԲ խորհրդի հերթական նիստում ԿԲ խորհուրդը Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց 6.75%-ից 8.5%-ի՝ ձեւավորված գնաճային ճնշումները զսպելու նպատակով: Միեւնույն ժամանակ, նվազեցվեցին պարտադիր պահուստավորման նորմատիվի սահմանաչափը 24%-ից 20%-ի եւ կարճաժամկետ դրամային իրացվելիության գործիքի տոկոսադրույքը՝ 21%-ից 20%-ի:

Կենտրոնական բանկը համագործակցում էր ՀՀ կառավարության հետ գների նկատմամբ մոնիտորինգի եւ համապատասխան հսկողության իրականացման նպատակով:

Նշված ամբողջ ժամանակահատվածում Կենտրոնական բանկը եւ ՀՀ կառավարությունը շարունակել են իրականացնել կոորդինացված դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականություն՝ ձեւավորված իրավիճակը կայունացնելու նպատակով:

Հաշվի առնելով ձեւավորված տնտեսական միջավայրը եւ միջազգային զարգացումները՝ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ շարունակելու է ամբողջությամբ կիրառել իր իրավասությունների ներքո գտնվող գործիքակազմը՝ գների եւ ֆինանսական կայունության ապահովման նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ