ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան  Հովհաննիսյանը ցանկանում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը տեղադրել Եղեռնի գլխավոր կազմակերպչի՝ Թալեաթ փաշայի սպանության վայրում: Այս մասին այսօր՝ հունվարի 2-ին, Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Գերմանիա այցելության ժամանակ եմ զրուցել հետը: Վիրահատությունից հետո էր, վատառողջ էր, բայց հույս ուներ, որ ոտքի կկանգնի, նորից կաշխատի: Թալեաթի սպանության վայրում ուզում էր Սողոմոնի արձանը բարձրացնել: Ուզում էր տեսնել այն երկիրը, որտեղ հայ մարդը արժանապատիվ ապրեր, կարողանար զարգանալ: Ինքն ուզում էր, որ Հայաստանը լինի ամենալավ երկիրը»,- ասաց Հրանտ Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը, որը 25 տարի ճանաչել է Վահան Հովհաննիսյանին, նրան հիշում է  որպես դրական, հումորով, դիպուկ ու ստեղծագործ մտքով մարդու:

Ինչպես նշեց Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը բացառիկ մարդ էր. կարողանում էր քննադատել, բայց չվիրավորվել, ամենասուր խոսքերն ասել, բայց ոչ ոք վատ չզգար, որովհետեւ գիտեին, որ դրա մեջ չարություն չկա, թույն չկա:

Նշենք, որ քաղաքական գործչին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին` ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 28-ին երկարատեւ եւ ծանր հիվանդությունից մահացել է ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան  Հովհաննիսյանը: