News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am-ին, որտեղ անդրադարձել է Գյումրիի վերջին դեպքերին եւ տնտեսական խնդիրներին:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն նախագահ, առաջին հերթին անդրադառնանք Գյումրու ողբերգությանը: Բառացիորեն այն պահից, ինչ մարդասպանին կալանավորեցին, Գյումրիում դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Զգացմունքային ծայրահեղ լարվածության մթնոլորտում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ: Հայտնի է, որ այդ ամենի, ինչպես եւ հիմա անընդհատ ահագնացող դժգոհության պատճառը երկու անպատասխան հարցերն էին. ո՞ր երկրի օրենքներով պետք է դատվի մարդասպանը եւ ո՞ր պետության տարածքում պետք է կրի իր պատիժը: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեին իշխանությունները այդ իրավիճակում:

Գյումրիում կատարված ոճրագործությունը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ: Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետեւանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել եւս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին): Վստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ եւ շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, եւ առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր եւ, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա: Այսպես թե այնպես, Գյումրիում տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն էր: Ես եւ իմ ընտանիքը խորապես ցնցված ենք եւ կիսում ենք բոլորի վիշտը:

Դրամի փոխարժեքի կտրուկ անկումը, որ տեղի ունեցավ անցած տարեվերջին, իսկական շոկ առաջացրեց: Ազգային արժույթի այսպիսի արժեզրկում Հայաստանում վաղուց չէր եղել: Կառավարության ներկայացուցիչները տեղի ունեցածը բացատրեցին աշխարհաքաղաքական պատճառներով, մասնավորապես՝ ռուբլու եւ նավթի գների անկմամբ, հակառուսական պատժամիջոցների հետեւանքներով եւ այլն: Ի՞նչ եք կարծում, իրո՞ք այսպես անվանվող «սեւ» դեկտեմբերը պայմանավորված էր բացառապես արտաքին գործոններով: Համարժե՞ք էին արդյոք իշխանությունների գործողությունները ստեղծված իրավիճակին: Եվ պե՞տք է արդյոք սպասել դրամի հետագա արժեզրկմանը:

Վերջին 5 տարիներին սա արդեն երկրորդ դեպքն է: Իհարկե, շատ հեշտ է ամեն ինչ բարդել արտաքին գործոնների վրա եւ ներկայանալ որպես աշխարհաքաղաքական գործընթացների զոհ: 1998 թվականի օգոստոսի դեֆոլտի ժամանակ ռուսական տնտեսությունը շատ ավելի վատ վիճակում էր: Այն 6 տոկոսի անկում ապրեց, իսկ ռուբլին դոլարի նկատմամբ էժանացավ 3 անգամ: Սա շատ ավելին է, քան հիմա եւ, բացի այդ, ներկայումս Ռուսաստանը արտարժույթի եւ ոսկու պատկառելի պահուստներ ունի, ինչը բացառում է երկրի դեֆոլտը: Բայց նույնիսկ այդ պայմաններում հայկական դրամը պահպանեց կայունությունը, թեեւ այն ժամանակ Հայաստանի տնտեսությունն ու բանկային համակարգը շատ ավելի թույլ էին:

Բնական է. արտաքին գործոնները նշանակություն ունեն, բայց անցած տարվա դեկտեմբերին դրանք ոչ թե մեր տնտեսության հիվանդանալու պատճառ դարձան, այլ ի ցույց դրեցին արդեն առկա հիվանդությունները: Դրամի եւ ռուսական ռուբլու վարքի այդպիսի համահարաբերականություն չպետք է լիներ: Սակայն, մեզանում գերիշխող տրամադրությունների եւ բացասական սպասումների պարագայում փոխարժեքի տատանումների վրա նույնիսկ աննշան սպեկուլյացիաները կարող են մարդկանց խուճապային վարքի պատճառ դառնալ եւ որոշիչ դերակատարություն ունենալ, նույնիսկ՝ թվացյալ ֆինանսական կայունության պարագայում:

Ֆորմալ տեսանկյունից դրամի փոխարժեքի կայունության պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որն այդ օրերին կայունացմանն ուղղված որոշակի ջանքեր էր գործադրում՝ իր լիազորությունների շրջանակում: Բայց դեկտեմբերյան իրավիճակում դա ակնհայտորեն բավարար չէր: Իշխանության բոլոր ինստիտուտների հրատապ եւ համակարգված գործողություններ էին անհրաժեշտ, ազդեցության բոլոր՝ մոնետարային, ֆիսկալ եւ վարչական գործիքների կիրառմամբ: Դատելով արդյունքներից, այդ գործողությունները ուշացած ու թերի են եղել: Տնտեսագետների շրջանում տարածված կարծիք է, որ «Ճգնաժամին իշխանությունների համբավը եւ կառավարչական արդյունավետությունը հաճախ ավելի կարեւոր են, քան հիմնարար գործոնները»: 

Որպես բացասական գործոն հիշատակեցիք նաեւ նավթի գնի անկումը: Ընդհակառակը: Նավթ ներմուծող երկրները շահում են գնանկումից: Էժան բենզինը եւ դիզվառելիքը լավ խթան են տնտեսության աճի համար, ու կարող են կոմպենսացնել Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների նվազման կորուստները, հաշվի առնելով էժան էներգակիրների մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության վրա: Եթե, իհարկե, էներգակիրների շուկայում առողջ մրցակցություն կա /բենզինի գինը Հայաստանում՝ բացառապես սուբյեկտիվ գործոն է, որ արտացոլում է շուկայի մենաշնորհացման աստիճանը/:

Ի դեպ, հաշվի առնելով համաշխարհային տենդենցները, կարող է վերանայվել նաեւ երկիր մատակարարվող գազի գինը, եթե, իհարկե, թույլ կտա վերջերս «Գազպրոմի» հետ ստորագրված խնդրահարույց պայմանագիրը:

Ի՞նչ է լինելու մեր դրամի հետ: Դրամի փոխարժեքն արտացոլում է երկրի տնտեսության եւ վճարային հաշվեկշռի ընդհանուր վիճակը: Դրանց վատթարացումը էժանացնելու է դրամը, բարելավումը՝ ամրապնդելու է այն: Դրամը չի կարող ապրել իր սեփական կյանքով՝ ընդհանուր տնտեսությունից կտրված: Ամեն դեպքում, փոխարժեքի կտրուկ տատանումներն անթույլատրելի են. դրանք վտանգում են երկրի ֆինանսական համակարգը, խաթարում վստահությունը ազգային արժույթի նկատմամբ եւ պակասեցնում մեր քաղաքացիների գրպանի պարունակությունը: 

Անցած տարի հարցազրույցներից մեկում կանխատեսել էիք, թե երկիրը մտնում է բացասական սպասումների շրջան: Այդ սպասումներից որոշները, ցավոք, իրականություն են դարձել: Բացի այդ, ընդամենը մի քանի օր առաջ «Moody’s» գործակալությունը իջեցրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը եւ փոխել կանխատեսումը՝ գնահատելով այն որպես «նեգատիվ»: Ինչպե՞ս եք այսօր գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը մոտ ապագայում:

Ցավոք, որեւէ հուսադրող բան ասել չեմ կարող: Եթե տնտեսական քաղաքականութունն անփոփոխ մնա, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչի հաշվին պետք է բարելավվի իրավիճակը, կամ ինչը կարող է դառնալ տնտեսության աճի եւ դրա արդյունավետության բարձրացման շարժիչը:  «Moody’s» գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի նվազեցումը էլ ավելի կթանկացնի մեզ համար արտաքին փոխառությունները, առավել եւս՝ մեծ արտաքին պարտքի պարագայում: Միջնաժամկետ ապագայում ԵՏՄ տնտեսությունը լինելու է ռեցեսիայի մեջ, այնպես որ շատ դժվար է լինելու այնտեղ որեւէ նշանակալի դերակատարում ստանձնել:  Խիստ արժեզրկված ռուբլին լրջորեն կփոխի Ռուսաստանի հետ առեւտրի կառուցվածքը՝ ոչ հօգուտ մեր ապրանքների: Ռուսաստանից լուրջ ներդրումների հավանականությունը ցածր է. պատժամիջոցների պատճառով իրենք իսկ խնդիր ունեն արեւմտյան վարկերի վերաֆինանսավորման հետ: Արեւմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք: Պարզ չէ, թե ինչ է կատարվելու մեր եւ Իրանի միջեւ առեւտրի ծավալների հետ: Գունավոր մետաղների համաշխարհային գներն, ըստ կանխատեսումների, չեն աճելու, այլ՝ թերեւս հակառակը: ՀՀ բանկերի համար նորմատիվների վերջերս կիրառված խստացումը կբերի փոխառվող գումարների թանկացման, իսկ դա նշանակում է, որ բիզնեսի վարկավորումն էլ կթանկանա: Իսկ շինարարության մասին՝ այսպիսի մակրոտնտեսության, բնակչության արտահոսքի եւ անկումային տրամադրությունների պարագայում՝ չենք կարող նույնիսկ երազել: Տնտեսության մենաշնորհացումը ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է: Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա:  Առանց արմատական փոփոխությունների չափազանց դժվար կլինի լուծել այս բազմաթիվ խնդիրները: Բացի ճառերից այն մասին, թե ամեն ինչ լավ է կամ ամեն ինչ լավ կլինի, պաշտոնյաներից որեւէ ծրագրային խոսք չենք լսում: Ակներեւ է, որ իշխանությունների եւ հասարակության՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականը տրամագծորեն տարբեր է, եւ ուրեմն կամ իշխանությունը, կամ հասարակությունը չի կարողանում համարժեք ընկալել իրականությունը: Գուցե իշխանությունները իրոք կարծում են, որ ամեն ինչ կարգին է, կամ էլ իրենք իրենց համոզել են, թե որեւէ բան հնարավոր չէ փոխել:

Երկու դեպքերն էլ լավատեսության տեղ չեն թողնում: 

Ինքնաբերաբար հարց է ծագում. ի՞նչ է պետք անել իշխանություններին` տնտեսական այս ծանր իրավիճակից դուրս գալու համար:

Առաջին հերթին՝ ընդունել հիմնարար խնդիրների գոյությունը եւ անկեղծ երկխոսության տրամադրվել հասարակության ու բիզնեսի հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի եւ ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին: Իշխանության բոլոր գործողությունների հաջողության կարեւորագույն պայմանը վստահությունն է, որն այսօր գործնականում բացակայում է: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ: Չէի ուզենա հերթով թվարկել բոլոր ակնհայտ ու անհրաժեշտ քայլերը: Հայաստանում եւ կոնկրետ՝ կառավարությունում, իմ կարծիքով, քիչ չեն այն մարդիկ, որոնք առնվազն հասկանում են, թե ինչ է պետք անել առաջին հերթին: Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատեւ շահերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ