Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում հունվարի 24-ի երեկոյան հերթական բողոքի ակցիայի ժամանակ 23 մարդ է վիրավորվել. 22 մարդ ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը:
Բողոքի ակցիային, պաշտոնական տվյալներով, մասնակցել է 7 հազար մարդ: Նրանք հավաքվել են, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն կառավարության գործողությունների վերաբերյալ՝ կապված «Տրեպչա» լեռնամետալուրգիական կոմբինատի կարգավիճակի հարցի հետ: Ցուցարարները պահանջել են մի քանի նախարարների հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի եւ ոստիկանական շղթայի ուղղությամբ քարեր են նետել, ապա սկսել են թալանել սրճարաններն ու ռեստորանները: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել:
Վիրավորվել է 19 ոստիկան եւ 4 քաղաքացիական անձ, մի շարք օբյեկտներ լրջորեն տուժել են: Հարձակման են ենթարկվել նաեւ ակցիան լուսաբանող մի քանի սերբ լրագրողներ: Ցուցարարները փորձել են ծեծել նրանց եւ խլել տեսախցիկները: