Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվեն ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը եւ Ուկրաինայում հումանիտար իրավիճակը:
Անցյալ տարի ԵԽԽՎ-ն Ռուսաստանի ներկայացուցիչներին արդեն զրկել էր ձայնի իրավունքից: Պատրվակը Ղրիմի կարգավիճակի փոփոխությունն էր:
Նիստի օրակարգում կան մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում՝ խոսքի ազատության, Եվրոպայում անհանդուրժողականության եւ խտրականության վերաբերյալ, քննարկվելու են նաեւ քրիստոնյաների խնդիրները: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում Հայաստանի հետ կապված հարցեր չկան:
Նշենք, որ ԵԽԽՎ-ն ներկայացրել է ձմեռային նստաշրջանի օրակարգը, որը բացվում է հունվարի 26-ին Ստրասբուրգում եւ կշարունակվի մինչեւ հունվարի 30-ը: Պատվիրակներին կդիմեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը եւ Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսը, հաղորդվում է ԵԽԽՎ կայքում: