News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող առեւտրականները հրաժարվում են 10 հոգանոց խմբով հանդիպել վարչապետի հետ՝ պահանջելով, որ վերջինը հենց շենքի բակում հանդիպի բոլոր բողոքողներին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ առեւտրականներին մոտեցավ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա հայտարարեց, որ ժամը 13:30-ին Հովիկ Աբրահամյանը պատրաստ է հանդիպել ցուցարարներից 10-ի հետ, սակայն հավաքվածները հրաժարվեցին:

«Ժողովուրդն ուզում ա՝ պետական մարմինների, վարչապետի ձայնը լսի: Մենք բոլորս մեկ ենք, թող ինքն իջնի, մենք հազարավոր ենք, ինքը՝ մեկը: Թող իջնի եւ նայելով մեզ՝ խոսի: Եթե ուզում ա, թող խաբի, այլեւս չի կարող»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց ակցիայի մասնակիցներից Արտակ Խաչատրյանը:

Փոխարենը «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միություն» ՀԿ-ի նախագահ Ստեփան Ասլանյանն ընդունեց Ալեքսանդր Ղազարյանի առաջարկը, ինչը վրդովեցրեց հավաքվածներին, որոնք հայտարարեցին, որ իրենք ոչ մի ՀԿ-ների չեն ենթարկվում եւ իրենց պահանջը չեն փոխի:

«Մենք ՀԿ շոու չենք ուզում, մենք մեր հանապազօրյա հացն ենք ուզում»,- ավելացրեց Արտակ Խաչատրյանը:

Հավաքվածներն այս պահին վանկարկում են «կասեցում, կասեցում»:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 26-ին, վաղ առավոտյան կառավարության շենքի մոտ են հավաքվել Երեւանի գրեթե բոլոր տոնավաճառների մի քանի հարյուր աշխատակիցները: 

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ