Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածքներ ստացած եւ վիրահատված ոստիկանի առողջական վիճակում առաջընթաց կա: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ արդեն կարերը քանդել են, ոստիկանին քայլացնում են, վիճակը լավ է: Փոխտնօրենն ասաց, որ մինչեւ շաբաթվա վերջ նա դուրս կգրվի հիվանդանոցից: Այս վիրահատությունից 6 ամիս անց ոստիկանին նորից պետք է վիրահատեն: Գագիկ Մանուկյանի խոսքով՝ ճակատոսկրի հատվածում պինդ նյութ պետք է դրվի, որ ուղեղը չվնասվի:
Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած բախումների հետեւանքով Գյումրիի հիվանդանոց է դիմել 33 հոգի, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: