News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով կազմակերպված մրցույթի հաղթող 4 աշակերտները Հնդկաստան մեկնելու ուղեգրեր են ստացել:

Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում  կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության եւ շարադրության մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում շնորհավորել է Հնդկաստանի դեսպանին եւ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ շեշտելով տպավորիչ առաջընթացը, որն ապրում է Հնդկաստանի Հանրապետությունը վերջին տարիներին՝ ցուցադրելով ոչ միայն բացառիկ մշակութային արժեքներ, այլեւ տպավորիչ տնտեսական աճ եւ ռազմական ներուժ:

«Ժամանակակից Հնդկաստանը նորագույն տեխնոլոգիաների, որակյալ կրթության, բարի եւ ջերմ մարդկանց երկիր է: Խորհրդանշական է, որ անցյալ տարի մենք նախաձեռնեցինք մի մրցույթ, որն անսպասելիորեն դարձավ ամենազանգվածային ստեղծագործական մրցույթներից մեկը Հայաստանի դպրոցականների համար: Հարյուրավոր հայ աշակերտներ, մեկ ամիս շարունակ առաջնորդվելով «Ես սիրում եմ քեզ, Հնդկաստա՛ն» գաղափարով, իրենց ջերմությունն ու սերը նվիրեցին հնդիկ ժողովրդին՝ նկարների ու շարադրությունների միջոցով: Հուսով եմ, որ այս գեղեցիկ միջոցառումը կունենա շարունակություն, եւ մենք  կկազմակերպենք նույնպիսի մրցույթ նաեւ Հնդկաստանում, որտեղ հարյուրավոր հայ աշակերտների կողքին կկանգնեն հազարավոր հնդիկ աշակերտներ՝ նվիրելով իրենց սերը հայ ժողովրդին",- իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը:

 Իր հերթին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ մրցույթի կազմակերպմանն աջակցելու համար, ընդգծել է, որ «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության եւ շարադրության մրցույթը դեսպանատան ամենամեծ նախաձեռնություններից էր. «Այս մրցույթը հայ-հնդկական բարեկամության ամրապնդմանը նվիրված ամենամեծ դիվանագիտական հաղթանակն է»,- իր խոսքում նշել է դեսպանը:

Այնուհետեւ հայտարարվել է հաղթողների անունները, որոնց մրցանակները հանձնել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Մրցանակային առաջին տեղեր գրաված 4 դպրոցականներ՝ Նանե Պետրոսյանը եւ Վիկտորյա Թորոսյանը /շարադրություն/, Սիրանուշ Մխիթարյանը եւ Ալվարդ Բաղդասարյանը /նկարչություն/, ստացել են Հնդկաստան մեկնելու ուղեգրեր:

Տպել
Ամենաշատ