News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) Կայունության եւ ֆինանսական համակարգի զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանում է բանկերի ամրապնդման ուղղությամբ ԿԲ-ի ծրագրերը, ավելի ճիշտ՝ դրանց խթանման. Կենտրոնական բանկը չի պատրաստվում միջամտել շուկային:

Կենտրոնական բանկի ղեկավարի հայտարարությունն ինչո՞ւ պետք է ավանդատուների շրջանում այդքան մեծ անհանգստություն առաջացներ: Հնարավո՞ր է այն պատճառով, որ համընկավ ազգային արժույթի փոխարժեքի տատանումների հետ:

Հայտնի է, որ արժութային շուկաներում փոխարժեքի ցանկացած տատանում կարող է բնակչության շրջանում բանկային համակարգի կայունության շուրջ որոշակի մտահոգությունների հանգեցնել: Կցանկանայի կոչ անել՝ չտրվել նման տրամադրությունների, քանի որ դրանք վերլուծական հիմք չունեն եւ ելնում են հուզական դատողություններից:

Եվ լիկվիդայնության, եւ կապիտալի համարժեքության առումով մեր բոլոր բանկերն ամբողջությամբ բավարարում են օրենսդրության գործող պահանջներին: Այսինքն՝ դրանք եւ կարճաժամկետ լիկվիդային են, եւ երկարաժամկետ վճարունակ: Այդ մասին են վկայում ամենակոշտ սցենարներով մեր բոլոր սթրես-թեստերը:

Այսինքն, Կենտրոնական բանկը չի՞ կարգավորելու Հայաստանի բանկերի թիվը:

Իհարկե՝ ոչ: Դա ոչ պրոֆեսիոնալ եւ անիմաստ է: Բանկերի թիվը շուկան ինքը կորոշի: Մենք ցանկանում ենք շուկայում դրա համար նախադրյալներ ստեղծել: Խելամիտ սահմաններում համակարգի խոշորացումը, իհարկե, նվազեցնում է կառավարման ծախսերը, ինչը նշանակում է, որ ավելացնում է եկամուտները:

Այդ մոտեցումը կիսում են նաեւ Հայաստանի բանկերի օտարերկրյա բաժնետերերը: Մեր բանկային համակարգը նրանց համար ամենագրավիչն է ԱՊՀ-ում, քանի որ նրանք առաջին հերթին ակտիվները գնահատում են ոչ թե այս պահին, այլ մի քանի տարի հետո, այսինքն՝ going concern-ի առկայությունը: Նրանց համար դա այս պահի եկամուտից ավելի կարեւոր է: Հենց այդ պատճառով նրանց ԱՊՀ տարածքում հետաքրքրում է մեր համակարգը: Այն 2000-ական թվականների սկզբից դիմակայել է շուկայի բոլոր տատանումներին: Մեր համակարգն առանձնանում է որակական բարձր ցուցանիշներով. կայունություն, եկամտաբերություն եւ, ամենակարեւորը, թափանցիկություն, ինչը շատ հատկանշական է ԱՊՀ շուկաներին:

Բանկերի միավորումը պարտադիր չէ: Բայց եթե երկու բանկեր միավորվում են, նշանակում է գրեթե միշտ միավորվում են նաեւ երկու կապիտալները: Այսինքն՝ նոր համակարգն ավելի կայուն կլինի: Իսկ մեզ համար՝ որպես կարգավորողի, կայունությունը երբեք ավելորդ չի լինում:

Իհարկե, ոչ ոք չի պահանջում երկրում 2-3 բանկ թողնել: Հսկաների հետ ռիսկերն ամենեւին էլ պակաս չեն: Հիշենք Շվեյցարիայի եւ Իսլանդիայի կամ շատ այլ երկրների իրավիճակը: Բայց այն, որ կոնսոլիդացիան արդյունավետ է, նույնպես չի կարելի վիճարկել: Իսկ երկարաժամկետ կտրվածքով արդյունավետությունը նշանակում է բանկային դրույքաչափերի նվազում:

Արդյո՞ք ԿԲ-ն խոշորացման ցանկալիության մասին ազդանշաններ կուղարկի շուկային: Ասենք՝ նվազագույն պայմանական կամ ընդհանուր կապիտալի մասին նոր պահանջներ:

2014 թվականի վերջին օրը Կենտրոնական բանկի խորհուրդը նվազագույն ընդհանուր կապիտալի մասին պահանջը հասցրեց 30 մլրդ դրամի (2017 թվականից - խմբ.): Ինչպես արդեն նշեցի, բանկերի խոշորացումը՝ խելամիտ սահմաններում եւ մրցակցային միջավայրում, կնվազեցնի կառավարման ծախսերը: Վստահ ենք, որ համակարգն ավելի կայուն կլինի:

Նշեմ նաեւ, որ մենք անցում ենք կատարում Basel III պահանջներին, որոնք ավելի խիստ են կապիտալի առումով: Կենտրոնական բանկի խորհուրդն արդեն հաստատել է Basel III-ին անցման ժամանակացույցը, մեր կայքում տեղադրված են բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ հայերեն:

Օրինակ՝ հիմա բանկի լրացուցիչ կապիտալը չպետք է 50%-ով գերազանցի հիմնականին: Basel II-ում ընդհանրապես սահմանափակումներ չկային, բայց մենք դրանք հիմնել ենք դեռ տարիներ առաջ: Այսինքն՝ ավելի մեծ կայունության համար մեկ քայլ առաջ ենք գնացել: Եվ նոր պահանջներն էլ ավելի խիստ ենք սահմանելու: Այս ամենը որոշակի նպատակ ունի. բարձրացնել բանկային համակարգի թափանցիկություն ու կայունությունը:

Իսկ առանց միավորման բանկերի համագործակցության փորձ կա՞: Օրինակ՝ համակարգում համախմբված վարկերի պորտֆելներն առայժմ մեծ չեն…

Մեծ պորտֆել առայժմ չկա: Պատճառն այն է, որ մեր շուկան համեմատաբար մեծ չէ, եւ բանկերը կարող են միայնակ վարկավորել, նույնիսկ համեմատաբար խոշոր նախագծեր: Վարկային գործիքները, որոնք ենթադրելու են բանկերի համախմբում եւ համագործակցություն, ելնելու են պահանջարկից: Կենտրոնական բանկը, իհարկե, կողմ է, քանի որ ռիսկերը կտարբերակվեն:

Բանկերի շրջանում որքանո՞վ է մեծ կոնսոլիդացիայի հանդեպ հետաքրքրությունը:

Վստահաբար կարող եմ ասել, որ նման հետաքրքրություն կա, եւ դա առողջ հետաքրքրություն է: Սակայն նշենք, որ նման գործարքները մեկ օրում չեն իրականացվում: Հիշեք, թե որքան տեւեց «Կասկադ բանկի» եւ «Ամերիաբանկի» միավորման ուղղությամբ աշխատանքը. շուրջ 2 տարի՝ չհաշված բանակցությունները: Եթե մարդիկ գնելուց առաջ լավ ուսումնասիրում են սովորական ապրանքը, էլ չխոսենք բանկերի մասին, որտեղ հարկավոր է գնահատել վարկային պորտֆելը: Այսինքն՝ կրկին դիտարկել գրեթե յուրաքանչյուր վարկը: Միաժամանակ, հարկավոր է գնահատել ազգային տնտեսությունը: Չէ՞ որ բանկերը մեկուսացված չեն դրանից:

Կարո՞ղ է, արդյոք, կոնսոլիդացիային հետեւել ակտիվների արժեթղթավորումը:

Անուղղակիորեն՝ իհարկե. դրա համար անհրաժեշտ է վարկային մեծ պորտֆել, որոնցից կարելի է առանձնացնել ոլորտի եւ ռիսկերի առումով միատարր վարկեր: Քանի որ մեր շուկան մեծ չէ, դրանք կարող են ձեւավորվել ոչ անմիջապես: Հիմա երկրում ֆինանսական համակարգեր կան, որոնք արդեն արժեթղթավորման գործիքներ են նախագծում, իհարկե՝ առայժմ շատ վաղ փուլում: Դրա համար առայժմ ռիսկերի առումով միատարր վարկերը բավարար չեն:

Բացի այդ, շուկան պետք է ավելի լավ հասկանա, թե ինչ են վարկային արժեթղթերը: Դրանց թողարկումը թույլ տալուց առաջ, մենք պետք է վստահ լինենք, որ հասարակությունը հասկանում է, թե դրանք ինչ արժեթղթեր են եւ ինչ ապահովություն է դրա հետեւում կանգնած:

Դա չի նշանակում, որ վարկային պորտֆելն ինքնին անհուսալի է: Չնայած վերջին տարիներին ֆինանսական միջնորդությունների աճին, բանկային համակարգը հաղթահարեց 2009 թվականը եւ շարունակում է կայուն սպասարկել տնտեսությանը՝ պահպանելով վարկայի պորտֆելի բարձր որակը: Այնպես որ՝ վարկերի արժեթղթավորումը միայնգամայն հնարավոր է, բայց ոչ այսօր կամ վաղը:

Ապահովագրական հատվածի մասին: Թվում է՝ վերջին տարիներին այստեղ կոնսոլիդացում ավելի շատ է եղել…

Հարկավոր է հետ գնալ ոչ թե 5-6 տարի, այլ 1990-ականների սկիզբ: Այն ժամանակ շուրջ 70 առեւտրային բանկեր կային, հիմա՝ 21 առեւտրային եւ 1 զարգացման բանկ: Բայց դրանք կայուն գործող բանկեր են, համարժեք կապիտալով եւ բավականաչափ լիկվիդայնությամբ: Համակարգը կայացավ, այդ պատճառով էլ միավորումներն այնքան էլ շատ չեն: Վերջին տարիների ընթացքում, ինչպես նշեցի, միայն մեկը, այն էլ՝ միանգամայն շուկայական եւ առողջ:

Իսկ ապահովագրական բիզնեսում, որը Հայաստանում սկսեց ձեւավորվել 2000-ական թվականներին, նախապես քիչ մասնակիցներ կային: Հիմա ապահովագրությունն անցնցում է շուկայի գրեթե նույն փորձությունը, ինչ բանկերը՝ 1990-ականներին, բայց, իհարկե, ավելի քիչ տարուբերումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ