News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից սպանված մոտ 6 միլիոն հրեաների այսօր՝ հունվարի 27-ին, Երեւանում հրեական համայնքի անդամները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մոմեր վառեցին եւ ծաղիկներ դրեցին Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ (ֆոտոռեպորտաժ):

«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ Օսվենցիմի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ: Այս օրը շատ կարեւոր է ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ պատերազմում մասնակցում էր ողջ աշխարհը։ Հայաստանում պատերազմ չկար, չկար հակասեմականություն, չկային նացիզմի դրսեւորումներ, քսենոֆոբիա: Մենք հանգիստ եւ խաղաղ ապրում ենք հայ ժողովրդի հետ այս հրաշալի երկրում»,- լրագրողներին ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը՝ ընդգծելով, որ մարդկության դեմ ուղղված ոչ մի հանցանքի մասին չպետք է լռել։

Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգելու էր եկել նաեւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, որի կարծիքով Հոլոքոստը, ինչպես եւ Հայոց Ցեղասպանությունը մարդկության պատմության ամենամեծ խարաններից է:

«Այսօրվա խորհուրդը ոչ միայն Հայաստանում հրեա քաղաքացիների ցավն է, սա համամարդկային ցավ է, ինչպես եւ Հայոց ցեղասպանությունը, որի 100-ամյակը մենք արդեն այս տարի պետք է նշենք: Այս տարի 70 տարի հետ գնալով մենք պետք է հիշենք 1944-45թթ. իրադարձությունները, երբ Հոլոքոստի վերջին արարն էր տեղի ունենում, զանգվածաբար սպանվում էին հրեաներ, սլավոններ, ռազմագերիներ,  գնչուներ, եւ այն, ինչ անվանում են Հոլոքոստ՝ իսկապես մարդկության պատմության ամենամեծ խարաններից մեկն է, ինչպես եւ Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- ասաց Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ էլ որեւէ այլ հիմնավորումներով չի կարելի մեկը մյուսից զատել, դիտել գերակա, ստորադաս, ավելին կամ նվազ:

Նշենք, որ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է հունվարի 27-ին, ՄԱԿ-ի նախաձեռնությամբ, 2006 թվականից: Այդ օրը Խորհրդային բանակը ազատագրել է Օսվենցիմը: Տարբեր տվյալներով՝ Օսվենցիմում ոչնչացվել է 1,5-2,8 մլն մարդ: Հոլոքոստի զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 6 մլն-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ