News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Խարդախության եւ առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ազատազրկման դատապարտված՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

NEWS.am-ի հետ զրույցում Խաչիկյանի փաստաբանը՝ Ժորա Վարոսյանը, հայտնեց, որ բողոքարկել է եւ պատժաչափը, եւ արարքի իրավական որակումը:

«Ակնհայտ խախտումներ կան, հենց օրինակ պատժաչափը, այնպես որ ակնկալիքները մեծ են»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 8-ին Վազգեն Խաչիկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 12 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար:

Տպել
Ամենաշատ