News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական պատվիրակության անդամները ձգտեցին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի ուղղությամբ, որ Ադրբեջանը ներում շնորհեց եւ հերոսացրեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Նրա խոսքով, ինքն ու պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ելույթ են ունեցել ԵԽԽՎ Բյուրոյի զեկույցի առնչությամբ, որը ներկայացրել է բրիտանացի խորհրդարանական Քրիստոֆեր Չոպը: «Մենք անդրադարձանք նախորդ նստաշրջանից հետո տեղի ունեցած իրադարձություններին: Առաջին հերթին այն առնչությամբ, որ Եվրախորհուրդը նույն Չոպի զեկույցի հիման վրա բանաձեւ է ընդունել՝ կապված դատապարտված անձանց փոխանցման մասին Կոնվենցիայի հետ: Հարցը վերաբերում է Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը, որը հետագայում Ադրբեջանում արդարացվեց եւ հերոսացվեց»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:

Խորհրդարանականը նաեւ հավելեց, որ հայ պատվիրակներն ընդգծել են այդ զեկույցի կարեւորությունը: «Զեկույցի խնդիրն էր նաեւ, որպեսզի Եվրախորհուրդը եւս մեկ անգամ հարց բարձրացնի այն մասին, որ կոնվենցիաները պետք է կատարվեն իրենց բովանդակության համապատասխան, այլ ոչ թե դիտարկվեն որպես դրանց հիմնական նպատակներից շեղվելու հնարավորություն»,- ընդգծեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ բանաձեւի նախագիծն ընդունվել է 2014 թվականի մայիսին, ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կողմից: Բանաձեւում, որը նեւ բրիտանացի խորհրդարանական Քրիստոֆեր Չոպի զեկույցի հիմք է հանդիսացել, մտահոգություն է արտահայտվում այն փաստի առիթով, որ եվրոպական Կոնվենցիան օգտագործվել է՝ Ադրբեջանին արտահանձնելուց անմիջապես հետո մարդասպան Ռամիլ Սաֆարովին արդարացնելու եւ անհապաղ ազատ արձակելու համար:

Փաստաթղթի համաձայն, հայրենիք վերադառնալուց հետո Սաֆարովին որպես ազգային հերոս ընդունեցին, հունգարական դատարանի կողմից սահմանված պատժաչափի ժամկետը լրանալուց չափազանց վաղ ներում շնորհեցին եւ տարբեր պարգեւների արժանացրին: Բանաձեւի նախագծում նշվում էր, որ Կոնվենցիան նախատեսված չէ հայրենիք վերադառնալուց հետո ազատազրկման դատապարտված անձանց անմիջապես ազատ արձակելու համար:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած Ռամիլ Սաֆարովին 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին, իսկ հաջորդ օրն իսկ երկրի նախագահի հրամանագրով նրան ներում շնորհվեց: Նա նաեւ մայորի կոչում ստացավ, բնակարան եւ վերջին 8 տարիներին աշխատավարձը: Ի պատասխան, Հայաստանը խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ