News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում, լրագրողական եւ քաղաքացիական շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ վատթարացող տնտեսական իրավիճակը լավ ֆոն է առաջիկայում թեժ գարուն կազմակերպելու, ընդհուպ՝ իշխանափոխություն անելու համար: Սա, ինչ խոսք, տրամաբանական մոտեցում է: Բայց փորձը ցույց է տալիս, որ տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանները իշխանափոխության պրոցեսին ծառայում են, երբ լինում է այնպիսի քաղաքական ուժ, որ իրոք ուզում է իշխանափոխություն անել, պատկերացնում է, թե ինչպես պետք է անել իշխանափոխությունը:

Եթե ելնենք այս իրողությունից, գրեթե ակնհայտ է, որ առաջիկա գարնանը Հայաստանում իշխանափոխություն չի լինի, ինչքան էլ Գ. Ծառուկյանի շուրջ համախմբված ուժերը փորձեն հակառակի մասին հայտարարություններ անել: Իհարկե, ԲՀԿ ղեկավարը խոսում է իշխանափոխության մասին, բայց ի՞նչ է նրա տրամաբանությամբ իշխանափոխությունը, եւ ինչպես պետք է այն իրականացնել: Վերջին հայտարարությունը, որ այս կապակցությամբ արել է Ծառուկյանը, կարելի է մեկնաբանել որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ: Բայց խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու  համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է, որ ԱԺ-ն երեք ամիս անընդմեջ չկարողանա նիստ անել: Այսինքն՝ փետրվարին, մարտին, ապրիլին ԱԺ նիստերը տեղի չունենան՝ քվորումի բացակայության պատճառով: Եթե այսպես չլինի, գործող խորհրդարանը լուծարելը անհնար կլինի:

Այս առումով շատ հետաքրքիր է, թե արդյո՞ք Գ. Ծառուկյանի հրավիրած համաժողովում ոչ իշխանական ուժերը կկայացնեն ԱԺ նիստերը բոյկոտելու որոշում: Եթե գնում եւ գրանցվում են ԱԺ նիստերին, նշանակում է՝ իրենք էլ լուրջ չեն վերաբերվում արտահերթ խորհրդարանական իշխանությունների պահանջին: Բայց կա նաեւ հակառակ պրոբլեմը, եթե չմասնակցեն ԱԺ նիստերին, ՀՀԿ-ն ինքնուրույն էլ կարող է քվորում ապահովել: Այնպես որ, առայժմ չի երեւում, թե ինչպես են պատրաստվում եռյակի ներկայացուցիչներն իրականացնել  արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց պահանջը: Հետաքրքիրն այն է, որ Ծառուկյանի խորհրդաժողովը, նախնական տվյալներով, հրավիրված է փետրվարի հինգին, մինչդեռ ԱԺ գարնանային նստաշրջանն սկսվում է փետրվարի 2-ին: Իսկ երեկվա դրությամբ որեւէ հայտարարություն խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու մասին արված չէր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ