Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլիո Քարամը հաստատել է 43 ուսանողի մահը, որոնք առեւանգվել էին 2014 թ. սեպտեմբերին՝ Հերերո նահանգում:
Ըստ նրա՝ ուսանողները սպանվել են, նրանց մարմիններն այրել են եւ նետել Սան-Խուան գետը: Հանցագործներն այնքան մանրակրկիտ են վերացրել ուսանողների մասունքները, որ դրանք գրեթե անհնար է նույնականացնել: Ներկայումս հայտնաբերվել է միայն անհետացածներից մեկի մարմինը, փոխանցում է Lenta.ru –ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Հանցագործությանը իր մասնակցության փաստն ընդունել է ձերբակալված հանցագործ Ֆելիպե Ռոդրիգեսը: Ներկայումս ձերբակալված է 99 մարդ:
Մեքսիկայի գլխավոր դատախազության քրեական հետազոտությունների բաժնի պետ Թոմաս Սերոնը հայտնել է, որ հանցագործները ուսանողներին շփոթել են թշնամի հանցախմբի անդամների հետ: Հանցագործները մարմիններն այրել են բարձր ջերմաստիճանի պայմաններում, եւ նրանցից գրեթե ոչինչ չի մնացել:
Իգուալայում սեպտեմբերի 26-ին մի խումբ ոստիկաններ քաղաքացիական հագուստով զինված անձանց հետ հարձակվել էին կրթական բարեփոխման դեմ բողոքող ուսանողների վրա։ Հարձակումը կատարվել էր քաղաքի նախկին քաղաքապետ Խոսե Լուիս Աբարկայի հրամանով։ Սպանվել էր վեց մարդ, 17-ը՝ վիարվորվել։ 57 մարդ անհետ կորել էր, ավելի ուշ նրանից 14-ը վերադարձել էին տուն։