News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը վաճառում է իր բիզնեսները, իսկ մի մասն էլ տալիս է կառավարման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարարը:

Նա նշեց, որ իր «Կալաչ» ընկերությունը վաղուց չի գործում, փոխարենը գործում է «Կալաչ+» ընկերությունը: Սիլվա Համբարձումյանն ասաց, որ «Մանանա Գրեյ» ընկերության հետ խնդիրներ ունեին վատորակ ալյուրի համար, պայքարում էին դրա դիմաց ու դիմել են դատարան՝ սնանկացման հարցով: Գործարարն ասաց, որ իր ընկերությունում ստուգումներ են եղել, ամեն ինչ նորմալ է: Ինչ վերաբերում է «Կարին» ընկերության հետ ունեցած խնդիրներին, Սիլվա Համբարձումյանն ասաց, որ իրենք են դիմել դատարան, քանի որ այդ ընկերությունը մոտ 70 մլն դրամ է պարտք:

«Չկա չարիք առանց բարիք»,-նշեց Սիլվա Համբարձումյանը՝ հավելելով, որ իր բիզնեսների հետ կապված այս հարցերը նաեւ դրական են այն առումով, որ ինքը փորձում է մաքրվել եւ արդեն առանց բիզնեսների մտնել քաղաքական դաշտ: Գործարարին տարբեր կուսակցություններից հրավերներ կան, որոնց անունները չի հրապարակում: Սիլվա Համբարձումյանն ասաց, որ մարտի կեսերից մինչեւ ամսվա վերջ կծանոթանա ծրագրերին, եթե իր գաղափարներին համահունչ լինեն, կանդամագրվի որեւէ կուսակցության, եթե ոչ, կստեղծի իր կուսակցությունը:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ «հայտնի գործարար, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը անհայտ պատճառներով դադարեցրել է իր գործունեությունը: Մինչ այդ ընկերությունը հասցրել է բազմաթիվ պարտքեր կուտակել: «Կալաչը» պարտք է «Կարին» , «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ Ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաեւ՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին, քանի որ վարկային պարտավորությունները չի կատարել: Ու թեեւ ընկերության պարտատերերի ցուցակն այսքանով չի սահմանափակվում, այդուհանդերձ, անհասկանալի է, թե որն է մինչ այս լայն թափով հացի եւ խմորեղենի արտադրություն սկսած ընկերության սնանկացման պատճառը:

Չի բացառվում, որ ընկերության սնանկացման սկզբնապատճառը անբարեխիղճ մրցակցությունը լինի: Մյուս կողմից էլ հայտնի է, թե Սուրիկ Խաչատրյանի հետ ընդհարվելուց հետո գործարարի հանդեպ ինչպիսի ճնշումներ եղան: Դեռեւս 2011 թ. գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում հարկային ստուգումներ էին սկսվել: Տեսուչներն ընկերչության հացի եւ խմորեղենի  արտադրամասերում մանրակրկիտ փաստաթղթային ստուգումներ էին անցկացրել, ինչպես նաեւ ստուգել էին լույսի եւ ջրի սպառման հետ  կապված տվյալները»։

Տպել
Ամենաշատ