News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայոց բանակի օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց, որտեղ մասնակցել է դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը:

Ողջունելով դպրոցի մանկավարժներին եւ աշակերտներին, նախարարը նշել է. «Այսօր ՀՀ բոլոր դպրոցներում մեր աշակերտներն ու մանկավարժներն առաջին անգամ բոլորը միասին նշում են Հայոց բանակի ծննդյան օրը: Դժվար է գերագնահատել մեր պաշտպանական կառույցի դերը մեր նորանկախ պետության պատմության մեջ: Առանց ազգային բանակ չկա հայոց պետություն եւ հակառակը` առանց հայոց պետության չկա ազգային բանակ: Մենք բոլորս` լինելով ՀՀ քաղաքացիներ, հպարտության եւ արժանապատվության զգացում ունենք` հայոց բանակն ունենալով որպես մեր պետականության ամենաառաջին զավակներից մեկը, բայց ամենասիրված զավակը: Այս տարիների ընթացքում հազարավոր հայորդիներ իրենց պարտքն են կատարել` մեր երկրի սահմաններն անառիկ պահելով արտաքին թշնամիներից, հարյուրավորները զոհվել են: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն Հայաստանի ներկայի եւ ապագայի: Փառք տանք բոլոր այն զինվորներին, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով, կրթական համակարգի դերն այսօր միայն գիտելիքի փոխանցումը չէ: «Մենք կերտում ենք նոր սերունդ, որը ժամանակակից, բայց նախեւառաջ հայ սերունդ է, սերունդ, որն ունի ժամանակակից գիտելիքներ եւ արդիական տեխնոլոգիաներից օգտվելու կարողություններ, բայց միաժամանակ իր մեջ կրում է իր ազգի արժեքների այն ողջ համախումը, որ մեզ պահել եւ պահելու է որպես հայ: Եվ այդ արժեքների մեջ գերագույնը սեփական հայրենիքի նկատմամբ տիրոջ զգացումն է, որը ձեզ հետ միասին փոխանցում ենք մեր երիտասարդներին, ովքեր վաղը ծառայելու են մեր սահմաններին: Այս սերունդը հատուկ սերունդ է. սերունդների միջեւ պայքարը միշտ էլ ակնհայտ է եղել, բայց ես վստահ եմ, որ այսօրվա մեր աշակերտների սերունդը եթե տային Գարեգին Նժդեհին, նա կարող էր կերտել մեր ժողովրդի մշտական տեղն արեւի տակ: Սա այն սերունդն է, որն իր գիտելիքներով եւ ունակություններով, իր ազատություններով ու ազատամտությամբ գերազանցում է ցանկացած այլ սերնդի, որ ծնվել է Հայաստանում: Խաղաղություն մեր ժողովրդին, ուժ ու կորով հայ զինվորին, վստահություն նրանց, ովքեր օր ու գիշեր կերտում են մեր անկախությունն ու անվտանգությունը: Մենք չզորակոչված զինվորներ ենք. Հայաստանի մանկավարժների բանակն այսօր համադրելի է Հայոց բանակի հետ եւ' իր հայրենասիրությամբ, եւ' իր քանակով: Շուրջ քառասուն հազար մանկավարժ եւ չորս հարյուր հազար աշակերտ այսօր կանգնած են հայ զինվորի կողքին»,- նշել է նախարարը:

Հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներ այսօր անցկացվել են հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ