Դերասան Վարդան Պետրոսյանը կդատապարտվի 6 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնեց դատական համակարգին մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրները: Նրա փոխանցմամբ՝ հետեւելով դատավարության գործընթացին եւ ելնելով պրակտիկայից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վթարի հետեւանքով մահացել է 2 հոգի, հայտնի դերասանին կդատապարտեն 6 տարվա ազատազրկման: Ինչ վերաբերում է պատիժը բաց ռեժիմով կրելուն, ապա դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո այդ հարցը կքննարկվի:
Դատավճիռը Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում բողոքարկելու դեպքում Վարդան Պետրոսյանը կշարունակի մնալ ամբաստանյալ եւ պատիժը բաց ռեժիմով կրելու հարցը կձգվի: Նշենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից: Դատավճիռը կհրապարակվի այսօր՝ հունվարի 29-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։
Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։